Փետրվարի 19-ին օնլայն ձևաչափով կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների համատեղ կոլեգիայի նիստը: Նիստին հրավիրված են եղել և մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների պաշտոնատար անձիք:

Նիստում քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինների կողմից ԵԱՏՄ  անդամ պետությունների լիազորված մարմիններում (գանձապետարաններում) անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառուման արդյունքներով կազմված ամփոփ հաշվետվությունը:

Նիստում ելույթով հանդես եկան ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը իր ելույթում նշեց, որ լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից 2019 թվականին ԵԱՏՄ պայմանագրով սահմանված պահանջները հիմնականում ապահովվել են: Սակայն դեռևս առկա է խնդիր, որը կրում է շարունակական բնույթ և տարեց տարի մնում է չլուծված: Դա վերաբերվում է Ղազախստանում ընդերքօգտագործողների կողմից 2014-2019թթ. ժամանակահատվածում վճարված, սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների միջև չբաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարներին:

Այդ հարցի կապակցությամբ իրենց ելույթներում անդրադարձան նաև ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ բանախոսները բարձր գնահատեցին կատարված աշխատանքն՝ արձանագրելով, որ համավարակի հետ կապված այս բարդ պայմաններում բարձրագույն հաշվեքննիչ մարմինները կարողացել են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: 

Նիստի ավարտին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ (հաշվեքննիչ) մարմինները հաստատեցին ամփոփ հաշվետվությունը:

 

 

Երկուշաբթի, Փետրվար 22, 2021