Պրոբացիայի ծառայությունը, որը նպատակ է հետապնդում ավանդականի փոխարեն վերականգնողական արդարադատություն կիրառելու ճանապարհով նպաստել շահառուների վերասոցիալականացմանը՝ դրանով իսկ մեղմելով հանրային անվտանգության հետ կապված ռիսկերը, մեր երկրում համեմատաբար «երիտասարդ» պատմություն ունի։
Տվյալ հաշվեքննության նախաձեռնմանը նպաստեց պրոբացիայի շահառուների կազմում կրկնահանցագործություն կատարած անձանց տեսակարար կշռի աճի միտումը:
Հաշվեքննիչ պալատը գնահատել է Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման միջոցառումների արդյունավետությունը և ներկայացրել բարելավմանը միտված առաջարկություններ։
Հաշվեքննությամբ արձանագրվեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պրոբացիայի 4252 շահառուներից միայն 1/3‑ի համար է իրականացվել ռիսկերի գնահատում, իսկ 2/3‑ը շարունակել է մնալ «չճանաչված», հետևաբար նաև՝ առանց հասցեական միջոցառումների իրականացման հնարավորության։ Բացահայտվել են ռիսկերի գնահատում անցած շահառուների 11.5%-ի կամ պրոբացիայի շահառուների 3.3%-ի կարիքները:
Արձանագրվել է նաև, որ վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցել է 359 շահառու կամ շահառուների թվի 8%-ը, իսկ անչափահաս 33 շահառուներից՝ միայն 7‑ը կամ 21%‑ը։
Ընդ որում, վերասոցիալականացման համակարգն հիմնականում կենտրոնացած է եղել մշակութային և կրոնական միջոցառումների վրա, մինչդեռ աշխատանքային, կրթական, առողջապահական և հոգեբանական աջակցությունը խիստ սահմանափակ է եղել։
Հաշվեքննությամբ պարզվել է, որ պրոբացիայի շահառուների համար իրականացված վերասոցիալականացման միջոցառումների արդյունքների գնահատման մեթոդաբանություն ներդրված չէ, ինչը հանգեցնում է միջոցառումների արդյունքների վերաբերյալ չափելի տվյալների (օրինակ՝ աշխատանքի տեղավորման կամ վարքագծի բարելավման ցուցանիշներ) բացակայության։ Այս հանգամանքը դժվարացնում է Պրոբացիայի ծառայության կողմից միջոցառումների արդյունավետության վերլուծությունն ու դրանց շարունակական բարելավումը։
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց իրագործմամբ հնարավոր է բարելավել Պրոբացիայի ծառայության գործունեությունը: Դրանք ենթադրում են ներդնել պրոբացիայի շահառուների ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունավետ համակարգ, բացահայտված կարիքները համարժեքորեն հասցեագրող վերասոցիալականացման միջոցառումների պլանավորման և դրանց արդյունքների գնահատման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացնել նշված գործողությունների արդյունավետ թվային փոխակերպում:
* * *
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia