Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 26‑ին, որը վարել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
Նիստում հաստատվել են Հաշվեքննիչ պալատի 2024թ. գործունեության ծրագրի 2‑րդ մասում ներառված Արարատի մարզպետի աշխատակազմի և Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները (հրապարակված են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում)
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության (կարծիքի) ձևավորումն ամբողջականացնելու նպատակով, հաստատվել են Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության ծրագրի 1-ին մասում ներառված 8 պետական մարմիններում հաշվեքննությունների առաջադրանքները։
Հաշվեքննիչ պալատի մասին 2024 թվականին նոր խմբագրությամբ հաստատված օրենքի համաձայն, հաշվեքննությունների առաջադրանքներում ընդգրկվել են նոր ստեղծված մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման՝ Ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության վարչության, Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոններում իրենց պաշտոնավարումն օրենքի ուժով շարունակող հաշվեքննողները։
Նշյալ օրենքով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող Հաշվեքննիչ պալատի ծառայողների համար Հայաստանի Հանրապետությունում գործող՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների՝ ըստ համադրելի պաշտոնների միջին վարձատրությանը համապատասխան աշխատավարձի վճարումն ապահովելու նպատակով, Հաշվեքննիչ պալատը հաստատել է նաև Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրության կարգը և 2025 թվականի չափերը։
Բացի վերը նշվածից, նիստում հաստատվել են նաև ընթացքում գտնվող հաշվեքննությունների առաջադրանքներում փոփոխություններ պարունակող և Հաշվեքննիչ պալատի գործունեության ընթացքն ապահովելուն ուղղված ընթացակարգային որոշումներ։
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ։