Ազգային ժողովի կողմից 2024 թվականի մայիսի 22-ին ընդունված Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով (այսուհետև նաև՝ ՀՕ-240-Ն, 2024թ. ՀՀ օրենք,»)[1]
ձևավորվել են հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն միտված՝ վերջինիս օրինականության և արդյունավետության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրվող մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության որակի բարձրացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալները:
Հանրային վստահությունը Հաշվեքննիչ պալատի նկատմամբ գերակա համարելով և նկատի ունենալով, որ այն կախված է նաև հաշվետվողականության որակից, Հաշվեքննիչ պալատը հանրայնացնում է օրենքով վերանայված առանցքային ուղղություններից մեկը՝
- Հաշվեքննիչ պալատում պետական ծառայության նոր տեսակ սահմանելու իրավական դաշտը և ներդրման գործընթացի ընթացիկ վիճակը։
Հաշվեքննիչ պալատում մարդկային ռեսուրսների կառավարման արմատական վերանայման կարիքը հիմնավորվել էր նախկին կարգավորումներում որակի համարժեք ստանդարտներին համապատասխանող մասնագետների ներգրավման և աշխատակազմի ներկայացուցիչների՝ իրենց որակավորումը բարձրացնելու ու աշխատանքային առաջընթաց ունենալու մոտիվացիոն մեխանիզմների բացակայությամբ։
Արձանագրված վիճակի պատճառները և տրված օրենսդրական լուծումները ներկայացվում են ստորև։
Հաշվեքննիչ պալատի գործունեության հետ կապված հարաբերությունները կանոնակարգվել են 2018 թվականի «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով[2] (այսուհետև՝ ՀՕ-58-Ն, 2018թ.)։ Նշված օրենքով մասնագիտական որակավորման բարձր պահանջներ էին սահմանված Հաշվեքննիչ պալատի ղեկավարության համար։ Հաշվեքննիչ պալատի անդամները[3] և հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները[4] պետք է ունենային աուդիտորի որակավորում հետևյալ ձևակերպմամբ՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում»։ Հատկանշական է, որ թեև Հաշվեքննիչ պալատը արտաքին պետական հաշվեքննության գործառույթի իրականացման պատասխանատու պետական մարմինն է, այնուամենայնիվ՝ նույնիսկ հստակեցված չէր աուդիտորի որակավորման պահանջի բնույթը. ներքի՞ն, թե՝ արտաքին աուդիտորի որակավորում է պահանջվում, նկատի ունենալով, որ դրանք միմյանցից զգալիորեն տարբերվող բնույթի մասնագիտական աշխատանքներ են։
Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ արտաքին պետական հաշվեքննությունը հստակ կանոնակարգված (ստանդարտացված) գործառույթ է և INTOSAI[5] կողմից հրապարակված են ու մշտապես արդիականացվում են գործառույթին վերաբերելի հիմնարար և առանցքային սկզբունքներն ու ստանդարտները, հետևաբար՝ դրանց համապատասխան օրենսդրական պահանջների սահմանումը բխում է՝
- սահմանադրի կամքի՝ հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննության գործառույթով օժտված արդյունավետ գործող բարձրագույն հաշվեքննիչ մարմին (այսուհետև նաև՝ ԲՀՄ) ունենալու, և
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» համանուն դրույթով[6] (24-րդ հոդվածի (դ) կետ) ստանձնված հանձնառության կատարման անհրաժեշտությունից, և համահունչ է՝
- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ուժեղացման միջոցով պետական կառավարման արդյունավետության, օգտավետության, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման վերաբերյալ» թիվ A/66/209 որոշմամբ բոլոր անդամ-պետություններին հղված` INTOSAI-ի Լիմայի և Մեխիկոյի հռչակագրերի դրույթներն ամբողջությամբ կիրառելու հորդորին:
Տվյալ դեպքում, Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողների համար որակավորման պահանջի սահմանումը համահունչ է INTOSAI‑ի հիմնարար՝ Լիմայի հռչակագրի «Աուդիտորական անձնակազմը» 14-րդ բաժնի 1-ին կետին, որի համաձայն. «ԲՀՄ-ների անձնակազմը պետք է ունենա որակավորումներ, որոնք պահանջվում են իրենց լիազորությունների լիարժեք իրականացնման համար։»։
Թեպետ, պարզ չէ, թե Հաշվեքննիչ պալատի ղեկավարները ինչպե՞ս պետք է որակյալ արդյունք «թողարկեին» այն դեպքում, երբ հաշվեքննողներին՝ որոնց անմիջական պարտավորությունն է միջազգային ստանդարտներով հաշվեքննությունների իրականացումը, ներկայացվող պահանջներ չէին սահմանվել, այդուհանդերձ, ըստ ՀՕ-58-Ն, 2018թ.‑ի՝ հաշվի առնելով, որ միայն իրավական պահանջների սահմանմամբ նախկին Վերահսկիչ պալատի աշխակիցները չէին կարող մեկ օրվա ընթացքում վերափոխվել որակավորված աուդիտորների, նախատեսված էր նաև անցումային ժամանակահատված։ Նշյալ օրենքով որակավորման պահանջների ուժի մեջ մտնելու ժամկետ էր սահմանված 2024 թվականի հունվարի 1‑ը[7], իսկ մինչ այդ ընկած ժամանակը պետք է օգտագործվեր Հաշվեքննիչ պալատի՝ առնվազն, ղեկավար կազմի համապատասխանությունը սահմանված պահանջերին ապահովելու համար։
ՀՕ-58-Ն, 2018թ. օրենքով սահմանված՝ պաշտոնների դասակարգման, մասնագիտական զարգացման ու առաջընթացի, ինչպես նաև աշխատանքի վարձատրության, կարգավորումները հանգեցրել էին պետական և մասնավոր հատվածում աուդիտորական մասնագիտական աշխատանքին ներկայացվող պահանջների ու աշխատանքի դիմաց հատուցման մեխանիզմների միջև նշանակալի խզման։ Վերջինը, շուկայական տնտեսակարգի պայմաններում էապես սահմանափակում էր Հաշվեքննիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմնի կայացման և նրա կողմից ժամանակակից ստանդարտներին համապատասխան որակյալ աուդիտորական ծառայությունների մատուցման հնարավորությունները:
Արդյունքում, Հաշվեքննիչ պալատի գործունեության ամբողջ ընթացքում չի արձանագրվել մեկ դեպք, երբ որակավորում պահանջող աշխատատեղի մրցույթի հայտարարության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի որակավորված աուդիտորը։ Ավելին, հաշվի առնելով, որ քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձն ուղղակիորեն կապված չէր աուդիտորի որակավորման պահանջներին համապատասխանելու հետ և որոշվում է պաշտոնի համար օրենքով սահմանված գործակիցներով, բացակայել է Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների՝ աուդիտորի որակավորում ստանալու մոտիվացիան։ Ինչի վկայությունն է այն, որ 2018 թվականին՝ Օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատում նշված խմբի պաշտոնավարող անձանցից որևէ մեկը, շուրջ 6 տարի անց՝ անցումային դրույթի ուժի մեջ մտնելու պահին, չի ստացել աուդիտորի որակավորում։
Հաշվեքննիչ պալատում, մասնավոր հատվածի աուդիտորական կազմակերպությունների համանման որակավորմամբ մասնագետների ներգրավումը հնարավոր դարձնելու նպատակով, օրենսդրական փոփոխության համատեքստում, աշխատաշուկայի աուդիտորական սեգմենտը դիտարկվել է որպես մեկ միասնական միավոր՝ անկախ կազմակերպության սեփականության ձևից, և իրավակարգավորումների վերանայման համար ելակետ է ընդունվել աշխատաշուկայում աուդիտորական մասնագիտական աշխատանքի առաջարկն ու պահանջարկը։
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով, օրենսդրական փոփոխությունների ընթացքում, նախատեսվել է Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության նոր տեսակի՝ Հաշվեքննիչ պալատում ծառայության ներդրում և անցում քաղացիական ծառայության համակարգից նոր ծառայությանը, ինչպես նաև որակավորված մասնագետներին շուկայականին համահունչ մեխանիզմով վարձատրության (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 35, մաս 7) հնարավորություն՝ աուդիտորական բնագավառում կիրառելի պաշտոնների դասակարգման (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 39) և դրանց ներկայացվող որակական պահանջների ներդրման հետ մեկտեղ (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 41)։
ՀՕ-240-Ն, 2024թ. օրենքով հստակեցվել է նաև «Աուդիտորի որակավորում» հասկացությունը։ Այն ներդաշնակեցվել է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքին։ Արտաքին աուդիտորի որակավորման պահանջի ապահովումը կազմակերպվում է հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցի՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի միջոցով, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում կարգավորման գործառույթներ, այդ թվում՝ աուդիտորի որակավորման շնորհում։
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը նաև Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) թղթակից անդամ է և նրա կողմից տրվող աուդիտորի որակավորումը բավարարում է կրթության միջազգային ստանդարտների պահանջներին, ինչը հավաստվել է ՀՄԴ-ի կողմից։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից անցկացվող որակավորման քննությունները հիմնված են աշխարհի 180 երկրների շուրջ 780 հազար որակավորված մասնագետների միավորող՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) քննական ծրագրի վրա։ Վերջինիս որակավորման քննությունները համազոր են ՀՀ-ում անցկացվող որակավորման քննություններին:
Հաշվեքննիչ պալատում որակավորված աուդիտորների ներգրավումը հնարավոր դարձնելու և ըստ այդմ՝ կառույցի գործունեությունից որակի բարձր ստանդարտներին համապատասխան արդյունքների ստացման իրավական նախադրյալներ ձևավորելու նկատառումով, ՀՕ-240-Ն, 2024թ. օրենքով նախատեսվել է, որ Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը կկատարվի Հայաստանում գործող՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող (Մեծ տասնյակի (Big 10) անդամ) աուդիտորական կազմակերպությունների՝ ըստ համադրելի պաշտոնների միջին վարձատրությանը համապատասխան:
Քաղաքացիական ծառայության համակարգից Հաշվեքննիչ պալատում ծառայության նոր համակարգին անցումն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՕ-240-Ն, 2024թ. օրենքը սահմանել է անցումային դրույթներ (հոդվածներ 59 և 60)՝ Հաշվեքննիչ պալատի գործող քաղաքացիական ծառայողներին ընձեռելով որակավորման բարձրացմանը համահունչ՝ Հաշվեքննիչ պալատում ծառայության անցման և շուկայական համարժեք ու մրցունակ վարձատրություն ստանալու հնարավորություններ։ Միաժամանակ, սահմանվել են հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների պաշտոնավարումը Հաշվեքննիչ պալատի ծառայության պաշտոններում շարունակելու և դադարեցնելու իրավական հիմքերը։
Մասնավորապես, օրենքով սահմանվել է, որ Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 59, մաս 2)[8]։ Ընդ որում, Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների համար սահմանվել են իրավակարգավորումներ՝ հնարավորություն տալով քաղաքացիական ծառայողներին ձևավորելու իրենց վարքագիծը (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 59, մասեր 3[9] և 4[10])։
Հարկ է նկատել, որ Հաշվեքննիչ պալատում պետական ծառայության նոր տեսակի ներդրման և գործող համապատասխան քաղաքացիական ծառայողների համար հստակ ձևակերպված անցումային կարգավորումների առկայությունը, ամբողջությամբ կանխատեսելի է դարձրել Հաշվեքննիչ պալատի վերափոխման՝ օրենսդրի սպասումները։ Ինչը հնարավորություն է ընձեռել նաև որոշումներ կայացնել՝ 2024 թվականի դեկտեմբերի 11‑ին Հաշվեքննիչ պալատում ծառայության ստեղծված պաշտոնները զբաղեցնելու հավակնություններ ունեցող, մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողներին և օրենքով սահմանված որակավորման նվազագույն պահանջներին համապատասխանող անձանց։
Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների այն քաղաքացիական ծառայողները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ բավարարել են Օրենքով սահմանված որակավորման նվազագույնը 1 քննության պահանջը (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 60, մաս 11), առանց մրցույթի շարունակել են[11] պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի ծառայողներ Օրենքով սահմանված համարժեք պաշտոններում: Պաշտոնների համարժեքությունը կանխորոշվել է օրենքով սահմանված՝ մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտությամբ, որն անխզելիորեն կապված է իրավական բարելավումների հաջորդ հիմնական ուղղության՝ Հաշվեքննիչ պալատի կառավարման մոդելի բարեփոխման հետ։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի դեկտեմբերի 10-ից դադարեցվել է Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների՝ աուդիտորի որակավորում չունեցող այն քաղաքացիական ծառայողների[12] պաշտոնավարումը, որոնք չեն բավարարել Օրենքով սահմանված որակավորման 1 քննության պահանջը (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 60, մաս 11):
Օրենքով սահմանվել է նաև որակավորման 1 քննության վերոնշյալ պահանջը (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 60, մաս 11), այն է՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով նախատեսված որակավորման քննությունների ծրագրով սահմանված առաջին առարկայի («Ֆինանսական հաշվառման հիմունքներ») կամ դրան համարժեք համարվող՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) քննության («Ֆինանսական հաշվառում») անցողիկ միավորով հանձնումը: Տվյալ առարկայից քննությունը համարվում է հանձնված պահանջների 50%‑ը հաղթահարելու դեպքում և այդ հանգամանքը հավաստում է ֆինանսական հաշվառման բնագավառում ընդամենը տարրական գիտելիքների առկայությունը։
Հարկ է նկատել, որ ինչպես 2018 թվականին ուժի մեջ մտած, այնպես էլ 2024 թվականին վերանայված օրենքներով սահմանված՝ որակավորման պահանջներին Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայողների համապատասխանության ապահովումը խթանելու նպատակով, Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների բոլոր քաղաքացիական ծառայողներին՝ Պալատի միջազգային համագործակցության շրջանակում ունեցած պայմանավորվածությունների համաձայն, ընձեռվել են անհրաժեշտ հնարավորություններ, այդ թվում՝ 2024 թվականի ընթացիկ ամառային քննաշրջանում՝ Օրենքով սահմանված որակավորման առաջին քննության հանձնման համար՝ հոգալով քննությանը մասնակցության և տվյալ առարկայի գծով վերապատրաստման կազմակերպչական և ֆինանսական հարցերը։ Արդյունքում, Հաշվեքննիչ պալատի ծառայության պաշտոններում պաշտոնավարում են մինչև 6 քննություններ հանձնած հաշվեքննողներ, որոնք օրենքով սահմանված կարգավորումների համաձայն, պետք է շարունակեն աուդիտորի որակավորման քննությունների հանձնումը՝ անցումային դրույթների հիմքով զբաղեցրած պաշտոնների պահանջներին իրենց համապատասխանությունն ապահովելու համար (ՀՕ-240-Ն, 2024թ., հոդված 60, մաս 7)[13]։
Բացի այդ, Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների այն քաղաքացիական ծառայողներին, ովքեր չեն հաղթահարել Օրենքով սահմանված որակավորման 1 քննության անհրաժեշտ միավորների շեմը, ևս մեկ անգամ տրվել է հնարավորություն, միջնորդություն ներկայացնելով Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին՝ աշնանային լրացուցիչ քննաշրջան սահմանելու վերաբերյալ։ Արդյունքում, 2024 թվականի դեկտեմբերի 10‑ի դրությամբ ևս 13 աշխատակիցներ հաղթահարել են վերոնշյալ քննության փուլը և 2024 թվականի դեկտեմբերի 11‑ին վերանշանակվել Օրենքով սահմանված համարժեք պաշտոններում։
Ներկայում, Հաշվեքննիչ պալատի աուդիտորական անձնակազմի շարունակական մասնագիտական զարգացումը խթանելու նպատակով, միջոցներ են ձեռնարկվում՝ աուդիտորի որակավորման քննությունների հաջորդ փուլերին Հաշվեքննիչ պալատի ծառայողների մասնակցության անընդհատությունն ապահովելու համար:
Այսպիսով, օրենսդրական փոփոխությունները,
- մի կողմից, Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների բոլոր քաղաքացիական ծառայողներին ընձեռել են Հաշվեքննիչ պալատում ծառայության նոր համակարգին անցման, մասնագիտական զարգացման և շուկայականին համարժեք հատուցման հնարավորություններ, և
- մյուս կողմից, չեզոքացրել են արտաքին աուդիտի բնագավառում զբաղված Հաշվեքննիչ պալատի և մասնավոր աուդիտորական կազմակերպությունների կողմից որակավորված աուդիտոր մասնագետների նկատմամբ ձևավորվող պահանջարկի խզումը՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով աշխատաշուկայի նույն սեգմենտում զբաղված որակավորված աուդիտորներով Հաշվեքննիչ պալատի ծառայության պաշտոնները համալրելու համար։
ՀՕ-240-Ն, 2024թ. օրենքի համաձայն, Հաշվեքննիչ պալատի աուդիտորներով արտաքին համալրումն իրականացվելու է որակավորման պահանջներին արդեն իսկ բավարարող անձանցով։ Ընդ որում, որակավորումը դիտարկվելու է միայն որպես ստորին շեմ։ Միջազգային լավագույն փորձին համապատասխան, ներկայումս Հաշվեքննիչ պալատում ներդրվում է կոմպետենցիաների վրա հիմնված մարդկային ռեսուրների համալրման ու կառավարման համակարգ, որոնց կազմում, բացի մասնագիտական կրթության պահանջներից, սահմանվելու են նաև աուդիտորների հատուկ հմտությունների առկայության պահանջներ և դրանց գնահատման բազմափուլ գործընթաց։
Ամփոփելով, Հաշվեքննիչ պալատը, միջազգային երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակում, մշտապես միջոցներ է ձեռնարկում իր կարողությունները բարելավելու ուղղությամբ։ Այդ առումով, ներկայում ընթացքի մեջ է Հաշվեքննիչ պալատը՝ որակավորված 10‑ը հաշվեքննողներով, 1 մարդկային ռեսուրսների կառավարման, 1 տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտորի և 1 հաղորդակցության մասնագետներով, համալրելու նպատակով մասնագիտացված կազմակերպություն ընտրելու գործընթացը։