Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը 2024թ դեկտեմբերի 9-ին ընդունեց Ասիական Զարգացման Բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին։
Ատոմ Ջանջուղազյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների այս փուլում ցուցաբերված հետաքրքրության և աջակցության համար։ Նա կարևորեց միջազգային փորձի հասանելիությունը առկա մարտահրավերների հաղթահարման համատեքստում և այդ առումով ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես նշելով՝ կայացած բարձրագույն հաշվեքննիչ մարմիններ ունեցող երկրների ԱՄՆ (Government Accountability Office) և Շվեդիայի (National Audit Office) գործընկեր կառույցների, ԵՄ SIGMA ծրագրի, ՄԱԿ‑ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև INTOSAI-ի, EUROSAI-ի և ASOSAI-ի հարթակներում տեղի ունեցող գործընթացները։
Հանդիպման ընթացքում Ասիական Զարգացման Բանկի ծրագրի թիմի ղեկավար, ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ Ժոաո Պեդրո Անտունես Ֆարինյա Ֆերնանդեսը հետաքրքրվեց, թե Հաշվեքննիչ պալատի մասին 2024 թվականի նոր խմբագրությամբ օրենքով փոփոխվե՞լ է արդյոք կառույցի լիազորությունների շրջանակը և վերանայե՞լ են արդյոք ՀՊ‑ի գործունեությունը միջազգային լավագույն փորձին համահունչ դարձնելու հնարավորությունը սահմանափակող նախկին կարգավորումները։
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի մասին նոր խմբագրությամբ օրենքի առանցքային վերանայումները՝ հաշվեքննության ենթակա հանրային ռեսուրսների շրջանակի, ՀՊ‑ի կառավարման մոդելի, մարդկային ռեսուրսների կառավարման և որակավորված աուդիտորների ներգրավման, հաշվեքննություն համար տվյալների հասանելիության, հաշվեքննության պլանավորման մեթոդների, հետհսկողության կարգավորումները։ Նա ընդգծեց, որ նոր օրենքով բարձրացել է ՀՀ իրավական դաշտի համապատասխանության աստիճանը արտաքին պետական հաշվեքննության հիմնարար սկզբունքներին և միջազգային ստանդարտին։ ՀՊ‑ի նախագահը նշեց նաև, որ վերանայված օրենքի համաձայն, ըստ էության, հաշվեքննության առարկա կարող է դառնալ հանրային շահին առնչվող, գործնականում, ցանկացած գործընթաց։
Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվեցին նաև Հայաստանում Պետություն-մասնավոր գործընկերության (PPP) պայմանագրերի և դրանց նկատմամբ կատարողական հաշվեքննությունների իրականացման հնարավորությունները։ Պարոն Ֆերնանդեսը կարևորեց Հայաստանում Պետություն-մասնավոր գործընկերությունների և հանրային գնումների գործընթացի օրինականության ու ֆիսկալ ռիսկի գնահատման խնդրի նկատմամբ կատարողականի հաշվեքննություններ իրականացնելու գործընթացի անհրաժեշտությունը։ Նա հատկապես առանձնացրեց Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով գործարքների, հաճախ, առաջին հայացքից «անտեսանելի» էական ռիսկերի առկայությամբ պայմանավորված կատարողականի հաշվեքննությունների դերը և նկատեց, որ ԵՄ մի շարք երկրներում հանրային ուշադրությունը Պետություն-մասնավոր գործընկերության նկատմամբ համարժեք է դարձել հենց ԲՀՄ-ների կողմից իրականացվող հաշվեքննությունների արդյունքում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է հանրային և քաղաքական հսկողությունն ամրապնդելու կարիքի հանրային ընկալման:
Ժոաո Պեդրո Անտունես Ֆարինյա Ֆերնանդեսը, կարևորելով արտաքին պետական հաշվեքննության բնագավառում կուտակված գիտելիքի ու փորձի փոխանակման դերը՝ առաջարկեց կազմակերպել համաժողով, որը հնարավորություն կընձեռի տարբեր Բարձրագույն հաշվեքննչ մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել իրենց կատարողական հաշվեքննությունների արդյունքներն ու մոտեցումները՝ նպաստելով այլ երկրներում համանման խնդիրներ առաջանալու դեպքում, դրանց լուծման ռեսուրսատարության նվազեցմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՊ-ի գործունեության բարեփոխումներով պայմանավորված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հնարավոր հետագա համագործակցությանը վերաբերելի մի շարք այլ հարցեր։