2023թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստ։
Հաշվեքննիչ պալատը նիստի ընթացքում հաստատեց Հաշվեքննության 2024-2026թթ․ առաջնահերթությունները։ Սույն փաստաթղթով պալատը նպատակադրված է մարդակենտրոն հաշվեքննությունների միջոցով նպաստել մարդու պահանջմունքներն արդյունավետորեն հասցեագրող հանրային կառավարմանը և միջազգային լավագույն փորձին համահունչ պետության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Սահմանված 7 հավասարազոր առաջնահերթություններն են․
1. Մարդուն մատչելի, հասանելի, որակյալ և դիմակայուն առողջապահություն.
2. Մարդուն մատչելի և որակյալ ցկյանս կրթություն.
3. Մարդուն շրջապատող մաքուր և անվտանգ միջավայր.
4. Մարդուն մատչելի և արդյունավետ արդարադատություն.
5. Արտահանմանը միտված, գիտահեն և մրցակցային տնտեսության զարգացում.
6. Պետական ֆինանսների և սեփականության կառավարման ինստիտուտների զարգացում.
7. Ներդաշնակ զարգացող համայնքներ:
Վերոնշյալ հավասարազոր առաջնահերթություններով միջնաժամկետ հորիզոնում նախատեսվում է գնահատել պետական քաղաքականության միջոցառումների արդյունավետությունը 74 առանձին ուղղություններերով։
Հաշվեքննիչ պալատը նիստում հավանության արժանացրեց նաև Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության ծրագիրը և Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության ծրագրի առաջին և երկրորդ մասերով նախատեսված ծրագրային կետերի ընտրության հիմնավորումը։
Համաձայն 2024 թվականի գործունեության ծրագրի՝ Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի երեք, վեց, ինը և տարեկան կատարման վերաբերյալ (մաս 1-ի շրջանակներում) ֆինանսական և համապատասխանության հաշվեքննություններ կիրականացնի 8 գերատեսչություններում։
Ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ընտրված (մաս 2-ի շրջանակներում) 4 գերատեսչությունների ֆինանսատնտեսական գործունեությունը ևս կլինի Հաշվեքննիչ պալատի ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների առարկա, ինչպես նաև 7 ծրագրային կետերով կիրականացվեն կատարողականի հաշվեքննություններ։
Գործունեության ծրագիրը ներառում է նաև Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագրից բխող միջոցառումներ, միջազգային համաձայնագրերով համատեղ հաշվեքննություններ, ինչպես նաև ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ։
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ։