ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 3-ի հերթական նիստում ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

Իր զեկույցում Լ. Յոլյանը նշեց, որ 2017թ. ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքներն ամփոփվել են թվով 18 հաշվետվությունում, որոնցից երկուսը վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միության անդամ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ իրականացված համատեղ ստուգումներին:

Հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծեց, որ հաշվետու տարվա ընթացքում վերահսկողությամբ արձանագրված նյութերից երեքում Վերահսկիչ պալատի խորհուրդն ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ և այդ նյութերը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Լ. Յոլյանը նշեց, որ վերահսկողության արդյունքների հիման վրա արվել են շուրջ 240 եզրակացություն և եզրահանգում, ներկայացվել է թվով 180 առաջարկություն, ինչպես նաև հայտնաբերված փաստերը պարունակող արձանագրությունները, սահմանված կարգով, ներկայացվել են վերահսկվող օբյեկտի ղեկավարներին և ստորագրվել նրանց կողմից: Որոշ դեպքերում ներկայացվել են առարկություններ և պարզաբանումներ, որոնք ներառվել են հաշվետվություններում:

Levon Yolyan

Հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծեց, որ մի շարք առարկություններ և բացատրություններ իրենց մեջ չեն ներառում որևէ հակափաստարկ, որը կարող է կասկած հարուցել պալատի կողմից բացահայտված փաստերի արժանահավատության առնչությամբ, իսկ առանձին դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտների վերաբերյալ ներկայացված առարկություններն և պարզաբանումները Հաշվեքննիչ պալատի կողմից համարվել են հիմնավոր, այդ փաստարկները հաշվի են առնվել հաշվետվությունների կազմման ժամանակ:

Օրվա բանախոսն իր ելույթում  բերեց օրինակներ, որոնք վկայում են մի շարք ծրագրերում իրավիճակը շտկելու և կառավարումը բարելավելու հստակ անհրաժեշտությունը:

Պալատի նախագահն անդրադարձավ նաև տարեկան հաշվետվության նոր ձևին և բովանդակությանը, ինչպես նաև այն հանգամանքին, որ հաշվետվությունը զերծ է այնպիսի տերմիններից, ինչպիսիք են «չարաշահումը», «պետությանը պատճառված վնասը»,  «վերականգնման ենթակա գումարը», ամրագրելով, որ պալատի առաքելությունը փաստն արձանագրելն եւ ոչ  դրանց ՝ որակումներ տալը: 

Զեկուցողը նշեց, որ ներկայումս ուսումնասիրվում է խորհրդարանի և հաշվեքննիչ պալատի համագործակցության միջազգային փորձը, հատկապես՝ Follow-up (հետհսկողության) ձևաչափը, ինչն էլ ավելի կբարձրացնի Հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրվող հետագա հաշվետվողականության կարևորությունը:

Լ. Յոլյանն իր ելույթում ամփոփ ներկայացրեց նաև հաշվետու տարում իրականացված Վերահսկիչ պալատի գործունեությունը՝ զարգացման ծրագրերի և միջազգային կապերի ուղղությամբ:

Զեկույցից հետո Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին:

 

Ծանոթություն

Ազգային ժողովն ի գիտություն ընդունեց ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

Մինչև ԱԺ հերթական նիստը, դեռևս 2018թ. ապրիլի 26-ին, ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել էր ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

Հինգշաբթի, Մայիս 3, 2018