Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի նախագահությամբ 2022 թվականի ապրիլի 22-ին գումարվել է Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության ծրագրի 1-ին մասի շրջանակներում 2022 թվականի պետական բյուջեի երեք ամիսների կատարման հաշվեքննությունների առաջադրանքները։
Հաշվեքննիչ պալատը հաստատել է նաև ծրագրի 2-րդ մասով՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանության հիման վրա նախատեսված հետևյալ հաշվեքննությունների առաջադրանքները.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ծրագրի իրականացման գործընթացի,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի վարկային և դրամաշնորհային ծրագրերի,
- ՀՀ թվային փոխակերպման (թվայնացման) գործընթացի,
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Հաշվեքննիչ պալատի գործունեությունը կազմակերպելու նպատակով, նախկինում մեկ որոշմամբ մեթոդաբանությունները հաստատված լինելու հանգամանքով պայմանավորված, իրավական տեխնիկայի տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու և բարելավման արդյունավետ նախադրյալներ ձևավորելու նկատառումով՝ նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ որոշումները.
- Հաշվեքննիչ պալատի «Համապատասխանության հաշվեքննության մեթոդաբանությունը» հաստատելու մասին,
- «Հաշվեքննության փաստաթղթավորման ուղեցույցը» հաստատելու մասին,
- Հաշվեքննիչ պալատի «Ֆինանսական հաշվեքննության մեթոդաբանությունը» հաստատելու մասին,
- Հաշվեքննիչ պալատի «ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային (LSFINANCE) համակարգից հաշվեքննության նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու ուղեցույցը» հաստատելու մասին,
- Հաշվեքննիչ պալատի «ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունների (LSREP) համակարգից հաշվեքննության նպատակով անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու ուղեցույցը» հաստատելու մասին,
- Հաշվեքննիչ պալատի «Պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման հաշվեքննության ուղեցույցը» հաստատելու մասին,
- ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի մայիսի 26-ի թիվ 93-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
Հաշվեքննիչ պալատը հաստատել է նաև մի շարք հաշվեքննության արդյունքներ.
- ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը,
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը,
- ՀՀ պաշտպանության նախարարության գնումների գործընթացի նկատմամբ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը /գաղտնի/։
Հաշվեքննիչ պալատը նաև փոփոխություններ և լրացումներ է կատարել Հաշվեքննիչ պալատի կանոնակարգում։
Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատը հավանություն է տվել «ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020-2021 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի» մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցին: Համաձայն զեկույցի հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է թվով 5 միջոցառում: 2022 թվականի նախատեսվում է իրականացնել 10 միջոցառում, իսկ 2023 թվականին պլանավորված է թվով 29 միջոցառում, որի ընթացքը պայմանավորված կլինի 2022թ. միջոցառումերի իրագործման արդյունքներով: Զեկույցի շրջանկներում, մասնավորապես, առաջարկվել է հաստատել ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022թ. գործունեության ծրագրի 3-րդ մասով սահմանված «Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագրի և դրա իրականացման միջոցառումների պլանին համաձայն՝ 2022թ.-ին նախատեսված միջոցառումների» տարեկան ծրագիրը, և համաձայնեցնել 2022 թվականի տարեկան ծրագրի աջակցության հարցերն արտաքին գործընկեր կազմակերպությունների հետ:
Հաշվեքննիչ պալատը հավանության է արժանացրել նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի հաղորդակցության ռազմավարության հիմնական դրույթները, որոնց հիման վրա ԵՄ/ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագիտական աջակցությամբ առաջիկայում կմշակվի Հաշվեքննիչ պալատի հաղորդակցության ռազմավարությունը:
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: