Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ 2022թ. սեպտեմբերի 14-ին գումարվել է Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը:

Նիստի ընթացքում, Պալատը՝ իր գործունեությունը օրենսդրության համաձայն կազմակերպելու նպատակով, ընդունել է ընթացակարգային բնույթի որոշումներ, որոնց կարելի է ծանոթանալ այս հղումով:

Պալատի կողմից հավանության է արժանացել հանրային սեփականության կառավարման վերաբերյալ հանրությանը որակյալ կարծիք ներկայացնելու գործառույթի բարեփոխմանը միտված՝ ՀՀ արտաքին պետական հաշվեքննության ոլորտի իրավական բարելավումների հայեցակարգը (1):

Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որ Հաշվեքննիչ պալատի անկախության, մանդատի և տեղեկատվությանը հասանելիության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման առկա սահմանափակումները զսպող ազդեցություն են ունենում Պալատի սահմանադրական առաքելության իրագործման տեսանկյունից, որի արդյունքում լիարժեքորեն չի իրացվում հանրային հարստության կառավարման վերաբերյալ հանրությանը ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության ներկայացնելու պետության ներուժը:

Այդ առումով, Հայեցակարգը հնարավորինս համակարգային կերպով հասցեագրում է արտաքին պետական հաշվեքննության ոլորտը կարգավորող ՀՀ գործող օրենսդրության և տվյալ ոլորտին վերաբերելի աուդիտի միջազգային ստանդարտների (ISSAI) միջև գոյություն ունեցող խզումը և պարունակում է վերջինիս վերացմանն ուղղված առաջարկություններ:

Հայեցակարգն անդրադառնում է նաև 2018 թվականի ապրիլին ուժի մեջ մտած Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած բացերին և իրավական հակասություններին՝ պարունակելով դրանց շտկման առաջարկություններ:

Հայեցակարգի մշակման գործընթացում ցուցաբերված աջակցության և համագործակցության համար, Հաշվեքննիչ պալատը շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին ու ՀՀ կենտրոնական բանկին, ինչպես նաև ԵՄ/ՏՀԶԿ համատեղ ՍԻԳՄԱ ծրագրին և Հաշվեքննիչ պալատի մյուս միջազգային գործընկերներին:

Հայեցակարգի կենսագործումը օրենսդրական լուծումների տեսքով կհանդիսանա Հաշվեքննիչ պալատի ինստիտուցիոնալ-ռազմավարական փոխակերպումների կարևոր հանգրվան՝ նպաստելով արտաքին պետական հաշվեքննության գործիքակազմի միջոցով հանրային հարստության կառավարման, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության գործառույթի և ներպետական հակակշիռների ու զսպումների համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման նախադրյալների ձևավորմանը:

 

 

 

 

(1) Հայեցակարգը և դրա վերաբերյալ գործընկեր գերատեսչությունների նկատառումները, ինչպես նաև դրանց առնչությամբ Հաշվեքննիչ պալատի արձագանքը ներկայացված են ամփոփաթերթում։

 


Երկուշաբթի, Սեպտեմբեր 19, 2022