2018 թվականի մայիսի 29-ին Կորեայի Հանրապետության աուդիտի և տեսչական խորհրդի պատվիրակությունը, խորհրդի անդամ Սանգ-Կյու Կիմի գլխավորությամբ, ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատում:
Հաշվեքննիչ պալատի անունից պատվիրակությանն ընդունեց պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն առաջացնող համագործակցության մի շարք հարցեր:
Կողմերը կարևորեցին հաշվեքննության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գործիքակազմը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության շրջանակը:
Կորեայի Հանրապետության աուդիտի և տեսչական խորհրդի պատվիրակությունը մայիսի 30-ին ևս կունենա մի շարք հանդիպումներ հայ գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով:
Նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ ՀՀ ազգային ժողովում:
Ծանոթություն. Կորեայի Հանրապետության աուդիտի և տեսչական խորհուրդը հիմնադրվել է 1948 թվականին: Այն ունի 4 տարածաշրջանային մասնաճյուղ, ավելի քան 1,100 աշխատակից: Կորեայի Հանրապետությունում աուդիտի ենթարկվող մարմինների թիվն է մոտ 60,000: