2020 թվականի հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2019 թ. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը։
Քննարկումների սկզբում հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ հաշվետվությամբ հանդես եկան Ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանը և Կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանը։
Հաշվեքննիչ պալատի նախագահն իր ելույթում նշեց, որ եզրակացությունը կազմելու նպատակով պետական բյուջեի կատարման գործընթացի կազմակերպման նկատմամբ հաշվեքննություն է իրականացվել Ֆինանսների նախարարությունում։ Հաշվեքննության ընթացքում կազմվել է արձանագրություն, որը սահմանված կարգով ներկայացվել է Ֆինանսների նախարարին։ Վերջինս կողմից արձանագրության վերաբերյալ ներկայացվել է դիրքորոշում, որն էլ ամբողջությամբ արտացոլվել է հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունում՝ տալով նաև դրանց կապակցությամբ Հաշվեքննիչ պալատի մեկնաբանությունները։ Նյութը նույնպես ներկայացվել է Ազգային ժողով, Կառավարություն և հրապարակվել է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում։
Լևոն Յոլյանը խոսեց պետական բյուջեի կատարման գործընթացում առկա մի շարք խնդիրների մասին, միևնույն ժամանակ՝ արձանագրելով դրական տեղաշարժերը: Պալատի նախագահը նշեց՝ հաշվի առնելով եզրակացությամբ ներկայացված նկատառումներն ու փաստերը՝ պալատը 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տվել է դրական եզրահանգում:
Լևոն Յոլյանը իր ելույթում նշեց՝ «Այս տարի Հաշվեքննիչ պալատը բավական մեծ շեշտադրում է կատարել պետական պարտքի կառավարման համակարգին՝ հաշվի առնելով դրա առանցքային տեղը բյուջետային համակարգում և նշանակությունը ֆիսկալ կայունության ապահովման գործում։ Պետական պարտքի կառավարման 10 ոլորտների գծով Հաշվեքննիչ պալատն արձանագրել է 37 խնդիր և տվել դրանց շտկմանն ուղղված 44 առաջարկություն»։
Ելույթից հետո Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց պատգամավորների հարցերին։
Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հաստատվել է Հաշվեքննիչ պալատի 2020 թ․ մայիսի 26-ին կայացած հերթական նիստին: Եզրակացությունը տեղադրված է ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում և առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում նույնպես: