Հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Օրակարգով նախատեսված ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացրեց պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Պալատի նախագահը ներկայացրեց հաղորդման մեջ ընդգրկված այն խախտումներն ու ռիսկերը որոնք առավել կարևոր են: Պալատը հիմնվելով ISSAI 20 ստանդարտներով նախատեսված թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների վրա, ինչպես նաեւ հետեւելով «քաղաքական չեզոքության» պահանջներն իրականացրել է մի շարք հաշվեքնություններ տնտեսական զարգացմանառողջապահության, , սոցիալական ապահովության, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, բնապահպանության, միջազգային համագործակցության եւ այլ ոլորտներում:
Լևոն Յոլյանը իր ելույթի սկզբում նշեց. «Նախ, առաջ անցնելով, ցանկանում եմ նշել, որ արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ։ Կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր։ Պալատն, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, այդ թվում՝ համակարգին միտված՝ 44, արդյունքին միտված՝ 128 և խնդիրներին միտված 187 առաջարկություններ, որոնք մեր կարծիքով կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը»:
Պալատի նախագահն նաև տեղեկացրեց նիստի մասնակիցներին՝ 2018թ. գործունեության տարեկան ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ն ավարտված է, երկուսը՝ կասեցված, իսկ 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են։ Դրանք վերաբերում են ՀՀ պաշտպանության նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուս-Հայկական համալսարանի (ՌԴ հաշվիչ պալատի հետ համատեղ) և Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության գործընթացի հաշվեքննությանը։
Առավել ուշագրավ փաստերին անցնելով Յոլյանը նշեց՝ «Ասելիքը շատ է, այդուհանդերձ կփորձեմ նախատեսված ձևաչափին համահունչ առանձին հաշվեքննությունների նյութերից մի քանի օրինակներով ներկայացնել առավել ուշագրավ փաստեր»:
Հինգ առանձին ուղղություններով Հաշվեքննիչ պալատը եկել է հետևության, որ կատարված որոշ արարքներ պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, և այդ նյութերը համապատասխան որոշումներով ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Դրանցից երկուսը վերաբերում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության («Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մասով), երկուսը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, իսկ մեկը՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություններին։ Որոշ նյութեր ուղարկվել են համապատասխան նախաքննական մարմիններին արդեն հարուցված քրեական գործերին կցելու և նյութերում առկա տեղեկությունները ստուգելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար:
Ելույթից անմիջապես հետո Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց պատգամավորներին մտահոգող հարցերին թե Տարեկան հաղորդման, թե Պալատի գործունեւոթյան վերաբերյալ այլ հարցերին։
Հանձնաժողովն առաջարկեց տարեկան հաղորդումն ընդգրկել 2019 թվականի hունիսի 18-ին գումարվող ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը տեղադրված է ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում: