2019 թվականի փետրվարի 8-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Համաշխարհային բանկի առաքելությանը՝ Հարա­վային Կովկասում գնումների ավագ մասնագետ Թանվիր Հուսեյնի գլխավորությամբ:

Համաշխարհային բանկի առաքելության ղեկավարը ներկայացրեց բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականցվող գնումներն այլևս ՀՀ գնումների օրենսդրությամբ իրականացնելու վերաբերյալ Բանկի և Կառավարության միջև ձեռքբերված պայմանավորվածության և նախաձեռնության մասին:

Այդ նպատակով առաջիկայում Համաշխարհային բանկը պատրաստվում է գնահատել գնումների ՀՀ ազգային համակարգը, որի արդյունքների հիման վրա կորոշվեն գալիք անելիքները։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ պետական գնումների ոլորտում հաշվեքննության ընթացակարգերն ու որոշ արդյունքներ։ Իր խոսքում Հաշվեքննիչ պալատի նախագահը կարևորեց պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը և հաշվեքննողների մասնագիտական կարողությունների բարելավման հարցերը։

Ազգային համակարգին անցնելու պարագայում, Բանկի ներկայացուցիչն ընդգծեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող  ծրագրերի արտաքին դիտարկումները (post review) կիրականացվեն Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունների միջոցով և, որ բանկը պատրաստ է աջակցել Հաշվեքննիչ պալատին իր կարողությունների զարգացման ծրագրերում, այդ թվում՝ էլեկտրոնային շտեմարանների հասանելիության ապահովման և հաշվեքննության գործընթացի ավտոմատացման հարցերում։

 

 

 

Ուրբաթ, Փետրվար 8, 2019