Սույն թվականի ապրիլի 21-ին Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ - USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալլելոյին և USAID գրասենյակի վարչական տնօրեն, Հաշվեքննիչ պալատ – GAO (ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակ) համատեղ ծրագրի համակարգող Դավիթ Պողոսյանին։
Հանդիպման նպատակն էր քննարկել երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համագործակցության հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի ինստիտուցիոնալ կարողությունները ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու և հանրության ու մյուս շահառուների հետ հաղորդակցության գործիքները ներդնելու կարիքը։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալլելոն, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհավորեց Պալատի նախագահին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, միաժամանակ Պալատի գործունեության բարելավման հարցում կարևորելով ՀՊ նախագահի փորձառությունը։
Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը իր ողջույնի խոսքում, բարձր գնահատելով նախկինում կատարված համատեղ աշխատանքները, նշեց, որ կարևոր է ոչ միայն շարունակել այդ գործընթացները, այլ նաև շարունակել զարգացնել և ընդլայնել Պալատի և ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) միջև ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ ձևավորված համագործակցությունը։ Պալատի նախագահը արձանագրեց՝ Պալատը համեմատաբար երիտասարդ պետական միավոր է և պատրաստ է հնարավորինս կլանել գործընկեր կազմակերպության փորձառությունն ու խորհրդատվությունը, ինչը նախապայմաններ կստեղծի խուսափելու համար այն նույն սխալներից, որոնց առնչվել է գործընկեր ինստիտուտը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հիմնական թեմաները՝
- Հաշվեքննիչ պալատի և USAID/GAO համագործակցության խորացում և համատեղ օրակարգի հարստացում (2022թ․ հնարավոր առաքելություններ, ուսումնական այցեր, աջակցության այլ ուղղություններ),
- Գործող աջակցության ծրագրի երկարաձգում՝ հաշվի առնելով Covid-19-ով պայմանավորված հետաձգումները. նախատեսված ժամկետի (2020-2023թթ․) երկարաձգում ևս 1 տարով,
- Հաշվեքննիչ պալատում բարեփոխումների ընթացք (ռազմավարության իրագործման ընթացք)։
Ջոն Ալլելոն, արտահայտելով իր բարձր գնահատականը կատարված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ, ասաց, որ դրանք կլինեին ավելի բարձր մակարդակում, եթե չլիներ COVID 19 պայմանավորված արտաքին խոչընդոտները։ Ալլելոն նշեց. «Մենք չունենք նպատակ փոխելու Հաշվեքննիչ պալատը. մեր թիմը հակված է հնարավորինս աջակցել Պալատին՝ իր նպատակներին հասնելու գործում»։
Քննարկման մասնակիցները համաձայնվելով պետական արտաքին հաշվեքննության համար պատասխանատու մարմինների տրամաբանական առանձնահատկությունների առկայության հետ, արձանագրեցին, որ այդուհանդերձ, ընդհանուր են հիմնական գործառույթների բնույթը և հանրային սպասումը ու ըստ այդմ՝ ընդունեցին, որ անհրաժեշտ է Պալատի և կոնկրետ համագործակցության առջև ձևակերպել Պալատի կարողությունների արդիականացման այնպիսի նպատակ և հասնել դրան, որպեսզի երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև համագործակցության ձևաչափը օժանդակությունից վերածվի փորձի փոխանակման։
Արձանագրվեց նաև, որ չնայած դժվարություններին, համագործակցության նախորդ երկու տարիների ընթացքում նախանշված միջոցառումները տվել են իրենց արդյունքները և երրորդ տարին հավակնում է լինել՝ առավել հագեցած ու արդյունավետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ավելի մանրամասնորեն քննարկեցին 2022 թվականին նախատեսվող առաքելության շրջանակներում մի շարք միջոցառումների իրականացման քայլերը։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին ինտենսիվ աշխատել բոլոր հնարավոր ուղղություններով, և մինչև ԱՄՆ ԿՀԳ (US GAO) թիմի հաջորդ այցը Հայաստանի Հանրապետություն, ըստ անհրաժեշտության դիտարկել նաև՝ տարաբնույթ հարցերի հետ կապված, առցանց ճանապարհով ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի փորձառության կիրառման հնարավորությունները։