Դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ աշխատաժողով, որը կազմակերպվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:
Աշխատաժողովին մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, Հաշվեքննիչ պալատի, Կառավարության, Գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի և կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:
ՀՀ հաշվեքննիչ պալատից աշխատաժողովին մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահի խորհրդական Դավիթ Չիբուխչյանը, Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը;
Աշխատաժողովի ընթացքում ՀՊ անդամ Կարեն Առուստամյանը ներկայացրել է զեկույց, որի շրջանակներում ներկայացվել է Հաշվեքննիչ պալատի իրավական բարելավման վերաբերյալ ԵՄ/ՏՀԶԿ համատեղ ՍԻԳՄԱ ծրագրի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որը ներառում է առաջարկություններ ՀՀ սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության բարելավման վերաբերյալ:
Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները անդրադարձել են ՍԻԳՄԱ ծրագրի փաթեթում ներառված առաջարկություններին, որոնք վերաբերում են Հաշվեքննիչ պալատի անկախության և մանդատի ամրապնդմանը՝ ԻՆՏՈՍԱԻ ստանդարտներին և միջազգային լավագույն փորձին համապատասխանելու համար այնպես էլ՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությանը վերաբերող իրավական հարցերին:
Մտքերի փոխանակության փուլում մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումները առաջարկվող փաթեթի վերաբերյալ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է, աշխատաժողովի արդյունքները հաշվի առնելով, փոխադարձ ընդունելի կարգավորումներն ամրագրելու համար շարունակել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները: