Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Շվեդիայի բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա համագործակցության ծրագրի կառավարման խորհրդի առցանց նիստը:

Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայի բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար, գլխավոր աուդիտոր Հելենա Լինդբերգը։ Նա ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր գնահատեց համագործակցության շրջանակում համաձայնեցված միջոցառումների ուղղությամբ համատեղ կատարված աշխատանքը։ Տիկին Լինդբերգը տեղեկացրեց, որ չնայած փոխըմբռնման հուշագրի գործողության ժամանակաշրջանի անցած հատվածի դժվարություններին, իրենք նախանշված միջոցառումների ուղղությամբ առաջընթացը համարում են ոգևորող և պատրաստակամ են շարունակել ՀՀ հաշվեքննիչ պալատին աջակցությունը։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերության բարձր մակարդակի համար և վստահեցրեց, որ այն զգալիորեն նպաստել է պալատի գործունեության բարեփոխման ուղղությամբ առաջընթացին։ Պալատի նախագահը նշեց, որ պալատը պատվախնդրությամբ է վերաբերվում հանրության շահին միտված պետական արտաքին հաշվեքննության գործառույթի անընդհատ բարելավման և այդպիսի համակարգ ներդնելու պարտավորությանը ու այդ տեսակետից կարևորեց բարեփոխումների իրականացման ընթացքին գործընկեր կառույցի մասնացկության հանգամանքը, հատկապես առանձնացնելով փորձի փոխանակման նշանակությունը։

Նիստի ընթացքում, երկկողմանի համագործակցության շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՊ մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի բարեփոխումների օրակարգից բխող՝ 2022-2023թթ. համատեղ միջոցառումների համաձայնեցման նպատակով շվեդական կողմից հարցը զեկուցեց ծրագրի պատասխանատու Քրիստինա Սենդը։  Նա, ըստ աշխատանքային կարգով նախնական քննարկման արդյունքների, կառավարման խորհրդին ներկայացրեց կատարողականի հաշվեքննությունների մեթոդաբանության և վերապատրաստումների, ինչպես նաև հաղորդակցության ուղիների բարելավման ու այլ միջոցառումների հետ կապված հետագա գործողությունների պլանի առաջարկը:

Նիստի մասնակիցները հավանություն տվեցին ծրագրի իրականացման առաջընթացի հաշվետվությանը և համաձայնվեցին առաջիկա միջոցառումների առաջարկին։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր, մասնավորապես՝  Շվեդիայի գլխավոր աուդիտոր Հելենա Լինդբերգը կարևորեց հաշվեքննիչ պալատի գործունեության իրավական կարգավորումների բարեփոխումները և հետաքրքրվեց առաջընթացի վերաբերյալ։ Ատոմ Ջանջուղազյանը արձագանքելով գործընկերոջ հարցադրմանը, մանրամասնեց օրենսդրական բարեփոխումների գործընթացի ներկա ընթացքը՝ այն գնահատելով հիմնարար ու հույս հայտնեց, որ իր լավատեսությունը՝ հաշվեքննության հաջորդ շրջափուլը հաստատված փոփոխություններով սկսելու առնչությամբ կարդարացվի։

Նիստի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին միմյանց արդյունավետ համագործակցության համար, և պայմանավորվեցին կառավարման խորհրդի հաջորդ հերթական նիստը հրավիրել 2023 թվականի հուլիսին։

 

 

Հինգշաբթի, Հունիս 30, 2022