2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ-ում աշխատանքային այցով գտնվող՝ Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի գրասենյակի և պետական եկամուտների կոմիտեի համատեղ պատվիրակության հանդիպումը Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի և Հաշվեքննիչ պալատի այլ պաշտոնատար անձանց հետ:

Իր ողջույնի խոսքում ՀՊ նախագահն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների ընձեռած բազմակողմ համագործակցային հնարավորություններին զուգահեռ, առանձնահատուկ կարևորություն ունի նաև բարձրագույն հաշվեքննիչ մարմինների (ԲՀՄ) միջև երկկողմ հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը: Պատասխան խոսքում Հս. Մակեդոնիայի պետական աուդիտի գրասենյակի գլխավոր աուդիտոր Մաքսիմ Ացևսկին, շնորհակալություն հայտնելով ՀՊ նախագահին հանդիպման, ինչպես նաև համագործակցության պատրաստակամության համար, առաջարկեց տվյալ հանդիպումը դիտարկել որպես երկկողմ հարաբերությունների ձևավորման մեկնարկ:

Հանդիպման ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացրեց սեփական երկրի ԲՀՄ-ի գործունեության առանձնահատկությունները, տարիների ընթացքում գրանցված հաջողությունները, զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունների վերհանման և փորձի փոխանակման վերաբերյալ:

Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ:

 

 

Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2023