Հաշվեքննիչ պալատում հունիսի 11-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Վերահսկիչ պալատի կատարողականի գնահատման վերաբերյալ հաշվետվության նախագիծը: Հաշվետվությունը կազմվել է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության կողմից ինքնագնահատման արդյունքների հիման վրա:

Ինքնագնահատումը իրականացվել է Աուդիտի բարձրագույն ինստիտուտների (ԱԲԻ)  կատարողականի գնահատման մեթոդաբանության հիման վրա, որը INTOSAI-ի կողմից մշակված նոր ստանդարտ է (SAI PMF) և որը ԱԲԻ-ներին տրամադրում է համակարգ իրենց գործունեության արդյունավետության կամավոր գնահատման համար՝ ԱԲԻ-ների միջազգային ստանդարտների (ISSAI) և հանրային հատվածի արտաքին աուդիտի ոլորտում ընդունված միջազգային լավագույն փորձի համապատասխան: Գնահատման նպատակն է որոշել, թե որ փուլում է գտնվում Հաշվեքննիչ պալատն իր կատարողականի և առաջընթացի առումով:

Խորհրդակության ընթացքում նախ ներկայացվեց Վերահսկիչ պալատի (ՎՊ) 6 հիմնական ոլորտներում կատարողականի գնահատականները,  որոնք վերաբերում են ՎՊ իրավական դաշտին, ներքին կառավարմանը, վերահսկողության որակին և հաշվետվություններին, ՎՊ ֆինանսական կառավարումանը, ակտիվներին, ինչպես նաև ՎՊ  մարդկային ռեսուրսներին և վերապատրաստումներին, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության և այլ շահառուների հետ հարաբերությունների կազմակերպմանը:

Այնուհետև տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, որի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանը նշեց, որ կառույցը ինքը առաջինը պետք է բացահայտի իր թերությունները և գտնի դրանց շտկման ուղիները: Նա նշեց, որ նման գնահատումներ իրականացնելը կնպաստի Հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացման բարելավմանը և գնահատման արդյունքները կօգտագործվեն նաև ՎՊ-ի ռազմավարական պլանի, ինչպես նաև աուդիտների տեխնիկական ձեռնարկների մշակման համար, որոնք կապահովեն ավանդական վերահսկողությունից սահուն անցումը աուդիտին:

Հանդիպման վերջում Լ. Յոլյանը տվեց մի շարք հանձնարարություններ: Մասնավորապես. Հաշվեքննիչ պալատի անդամներին հանձնարարեց ներկայացնել իրենց դիտողությունները Հաշվետվության նախագծի վերաբերյալ, իսկ մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչությանը հանձնարարեց գնահատման արդյունքները վերլուծել և գնահատման արդյունքնում բացահայտված թերությունները բաժանել 2 խմբի՝ օրենսդրական և վարչարարական:

Հաշվետվության նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո կուղարկվի Նորվեգիա, INTOSAI Զարգացման նախաձեռնության (IDI)՝ անկախ փորձագետի կողմից վերանայման համար, որից հետո, երբ ինքնագնահատման հաշվետվությունը ստանա IDI-ի կողմից հավաստիացում, այն կներկայացվի հանրությանը:

Երկուշաբթի, Հունիս 11, 2018