2019 թվականի մարտի 5-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ.Յոլյանի նախագահությամբ անցկացվեց Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը: ՀՀ հաշվեքննիչ պալատը կայացրել է հետրյալ որոշումները.

1. Հաստատվել են հետևյալ պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները՝

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,

- ՀՀ բնապահպանության նախարարություն,

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:

Ընթացիկ եզրակացությունները պարունակում են հաշվեքննության օբյեկտների գործունեության առնչությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից բացահայտված անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ, ինչպես նաև գործունեության բարելավմանը միտված առաջարկություններ։ Նշված հաշվեքննությունների արդյունքների ընթացիկ եզրակացությունները Հաշվեքննիչ պալատի նիստում հաստատվելուց հետո ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին: Ընթացիկ եզրակացություններին կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կայք-էջում։

3. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշ­վեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում հաշվեքննություն իրականացնող պաշտոնատար անձանց կազմում:

4. Անհրաժեշտությունից ելնելով լրացում կատարվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվեքննության առաջադրանքում: Մասնավորապես, լրացվել է հաշվեքննության ընթացակարգերը «զննում» և «դիտարկում» ընթացակարգերով, ինչպես նաև փոխվել է հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը:

5. Հաստատվեց նոր հաշվեքննության առաջադրանք, ըստ որի հաշվեքննություն կիրականացվի ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման նկատմամբ:

6. Հաստատվեց Հաշվեքննիչ պալատում քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերը, փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Հաշվեքննիչ պալատի անվանացանկում, հաստիքացուցակում և քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում:

 

 

 

 

 

 

Երկուշաբթի, Մարտ 11, 2019