2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ.Յոլյանի նախագահությամբ անցկացվեց Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը:
Հաստատվեց Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքների արոտավայրերի ջրարբիացման, ցանցերի կառուցման և դաշտային ճանապարհների անցանելիության ապահովման հաշվեքննության արդյունքները: Ընթացիկ եզրակացությամբ տրվեց «ոչ լիարժեք կարծիք», հաշվի առնելով հաշվեքննության ընթացքում հայտնաբերված էական անհամապատասխանությունները և էականորեն խեղաթյուրված հաշվետվությունները:
Նիստի քննարկումների արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատի տարեկան ծրագրում հաստատվեց ևս երկու նոր կետ: Շուտով կմեկնարկեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվեքննության շրջանակում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ստուգումները:
Միաժամանակ, Պալատը անրադարձավ տարեկան ծրագրով արդեն իսկ նախատեսված հաշվեքննություններին, ընդլայնելով տարեկան ծրագրի շրջանակները, հաստատեցին Գյումրու համայնքապետարանի հաշվեքննության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանքները:
Հավանության արժանացավ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բարձրագույն վերահսկողական մարմինների կողմից ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու և բաշխելու, անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի ապահովման նկատմամբ 2019 թվականի համատեղ վերահսկողական միջոցառում իրականացնելու վերաբերյալ համաձայնագիրը և միասնական ծրագրի նախագիծը: Ի դեպ, միջոցառման համակարգողի պատվավոր դերն այս տարի ստանձնում է ՀՀ հաշվեքննիչ պալատը:
Պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարեկան գործունեության ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների մասով: