2023 թվականի նոյեմբերի 14-15-ը Միացյալ Թագավորության ք․ Լոնդոնում տեղի ունեցած Բարձրագույն աուդիտի մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) զարգացման նախաձեռնության (IDI) բարձրագույն աուդիտի մարմինների աուդիտորների պրոֆեսիոնալիզացման գլոբալ գագաթնաժողովի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հանդիպում ունեցավ INTOSAI նախագահ, Բրազիլիայի աուդիտի դատարանի նախագահ Բրունո Դանտասի հետ։
Հանդիպման ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահը վերահաստատեց իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Բրազիլիայի բարձրագույն աուդիտի մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաև ընդգծեց Հաշվեքննիչ պալատի հանձնառությունն աջակցելու արտաքին պետական հաշվեքննության պրոֆեսիոնալիզացմանը միտված INTOSAI նախաձեռնությունների իրականացմանը։
Բրունո Դանտասն իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ձգտումը դառնալու INTOSAI ստանդարտներին համահունչ գործող բարձրագույն աուդիտի մարմին՝ ընդգծելով, որ այն, հատկապես անկախության սկզբունքների մասով, կարևորագույն մարտահրավեր է INTOSAI անդամների համար։ INTOSAI նախագահը հաստատեց իր պատրաստակամությունն աջակցելու երկու երկրների բարձրագույն աուդիտի մարմինների միջև համագործակցության խորացմանը։
Միաժամանակ, Հաշվեքննիչ պալատի նախագահի առաջարկով նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց Հաշվեքննիչ պալատում բարեփոխումներին և մասնավորապես, ՀՀ‑ում արտաքին պետական հաշվեքննության իրավական դաշտի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին բարձրագույն աուդիտի մարմինների համայնքին լավագույնս հաղորդակից դարձնելու նպատակով՝ առաջիկայում թեմային վերաբերելի INTOSAI-ի միջազգային միջոցառումներից մեկը Հայաստանում կազմակերպելու վերաբերյալ։