ՀՀ հաշվեքննիչ պալատը և ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում են ակտիվ համագործակցությունը: Հաշվեքննիչ պալատի կողմից 2018 թվականի հաշվեքննությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված մի շարք նյութերով արդեն հարուցվել են քրեական գործեր:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Հաշվեքննիչ պալատի կողմից ստացված ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացված հաշվեքննության արդյունքների ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու` խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու հետևանքով կատարվել են ընդհանուր շուրջ 592 մլն. դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:
Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Միաժամանակ, ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: