Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019 թ.
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ
1. Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
(Ծածկագիր՝ 90-2.3-73)
Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի կողմից ընդունվող ակտերի իրավական փորձաքննություն.
2) մասնագիտական եզրակացություն (կարծիք) է ներկայացնում վերահսկողության արդյունքում կազմվող ընթացիկ հաշվետվությունների իրավաբանական հիմնավորվածության վերաբերյալ` ուսումնասիրելով ընթացիկ հաշվետվության մեջ իրավական ակտերի դրույթների կիրառելիության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը.
3) Վարչության պետի հանձնարարությամբ, Հաշվեքննիչ պալատի որոշման հիման վրա, իրականացնում է վերահսկողություն.
4) իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն.
5) ներկայացնում և պաշտպանում է Հաշվեքննիչ պալատի շահերը դատական և այլ պետական մարմիններում.
6) Հաշվեքննիչ պալատի կողմից կազմվող արձանագրություններում և ընթացիկ հաշվետվություններում քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ լինելու դեպքում այդ առնչությամբ աշխատանքներ է իրականացնում դատախազական մարմինների հետ.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Հաշվեքննիչ պալատի մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին, «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև, սույն պաշտոնի անձնագրովնախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N1, N2):
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
• Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 18.01.2019թ.
• Աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19, հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
ԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ՝ ԴԻՄՈՒՄ