ՀՀ հաշվեքննիչ պալատի, ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (GAO) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ ծրագրի շրջանակում 2024 թվականի մայիսի 14-15-ը Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողների համար ք․ Երևանում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ «ֆինանսական հաշվեքննության մեթոդաբանություն․ ընտրանքների կատարում և առաջարկությունների ձևակերպում» թեմաներով։ Դասընթացները վարեցին GAO գերազանցության կենտրոնի փորձագետները։
Վերապատրատման ծրագրի բացմանը մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի նախագահը, USAID գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը և USAID հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Վերապատրաստման ծրագրին (մայիսի 16-ին) հաջորդել է Հաշվեքննիչ պալատի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատաժողով՝ «հաղորդակցության ուղիների բարելավման» և «փոփոխությունների կառավարման» թեմաներով։
Այցի ընթացքում Հաշվեքննիչ պալատի առաջիկա տարիների ռազմավարական նպատակների աջակցման միջոցառումների պլանավորման նպատակով GAO գերազանցության կենտրոնի փորձագետները հանդիպումներ կունենան նաև ինչպես Հաշվեքննիչ պալատի ղեկավարության, այնպես էլ՝ պալատի արտաքին գործընկերների հետ։
Ծանոթություն
2020 թվականի հունիսի 23-ին մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով ծրագիրը, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (GAO) աուդիտի գերազանցության կենտրոնի միջգերատեսչական պայմանագրի շրջանակներում: 2020թ․-ից ի վեր՝ GAО-ի աուդիտի գերազանցության կենտրոնն աջակցել է Հաշվեքննիչ պալատին կարիքների գնահատման, իրավական բարեփոխումների շրջանակներում խորհրդատվության, էթիկայի կանոնների և մշտադիտարկման մեխանիզմների մշակման, հաշվեքննությունների պլանավորման, որակի կառավարման համակարգի, ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների մեթոդաբանությունների մշակման, հաղորդակցության ուղիների բարելավան և այլ ուղղություններով։