Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Մանե Թանդիլյանի եւ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ։
Պալատը նիստին ներկայացնում էին Հաշվեքննիչ պալատի անդամներ և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորությամբ։
Նիստի թեմաներն էին հաշվեքննիչ պալատի երկու ընթացիկ եզրակացությունները՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:
Քննարկման առաջին թեման ներկայացրեց հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ՝ Կարեն Առուստամյանը։ Բանախոսը տեղեկացրեց, որ եզրակացությանը ներառում է 2017թ-ի հունվարի 1-ից 2018թ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը, նա նաև նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել է քսան արձանագրություն, երկու առանձին նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Զեկույցի ընթացքում ներկայացվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատամբմ հաշվեքննությամբ հայտնաբերված անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները։
Բանախոսը նշեց, որ ընդհանուր առմամբ, հաշվեքննողներն արձանագրել են անհամապատասխանության 246 դեպք։ Դրանցից 32-ն ունեցել են զուտ ֆինանսական բնույթ: Առուստամյանն իր զեկույցում նշեց նաև, որ ընթացիկ եզրակացության մեջ Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է 50 առաջարկություն։
Զեկույցից հետո Կ. Առուստամյանը պատասխանեց ՀՀ ԱԺ պատգամավորների համար հետաքրքրություն առաջացնող մի շարք հարցերի՝ կապված հայտնաբերված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղիների և հետհսկողական աշխատանքների վերաբերյալ:
Զեկույցի ավարտից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ներկայացրեց մի շարք պարզաբանումներ՝ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննութան արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ:
Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված երկրորդ հաշվեքննության մասին զեկուցեց Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը՝ ներկայացնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքները: Դ. Չիբուխչյանը նշեց, որ պալատի կողմից ուսումնասիրվել են ոռոգում, ջրառ իրականացնող կազմակերպությունների («Ջրառ ՓԲԸ»), ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների (ՋՕԸ-ներ) ֆինանսական աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ Արփա-Սեւան թունելի հիմնանորոգման ծրագիրը: Բանախոսը տեղեկացրեց, որ այս հաշվեքննության արդյունքում ևս նյութեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: «Արձանագրվել է, որ Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերը չեն կազմվել օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով», - պարզաբանեց Չիբուխչյանը։
Պալատի կողմից այս ոլորտին առնչվող արձանագրած անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։
Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին պատգամավորներին հետաքրքրող մի շարք հարցերի։