2018 թվականի մայիսի 21-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստ։ Օրակարգում ներառված հիմնական երեք հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրեց հետևյալ որոշումները՝

  • 2018 թվականի ընթացքում հաշվեքննություն իրականացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում։
  • Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի «ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվաքկանի աշխատանքների բաշխվածությունը հաստատելու մասին» թիվ 4/1 որոշում։
  • Հաստատել Հաշվեքննիչ պալատի 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2019 թվականի բյուջեի նախագծի բյուջետային ֆինանսավորման հայտերը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվեքննություն իրականացնելու պահանջը պայմանավորված է ոլորտային ռիսկերով։ Տվյալ ոլորտում նախորդ տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունները կրել են բացառապես ռեվիզիոն բնույթ, այնինչ 2018 թվականի ընթացքում, արդեն նոր մեթոդաբանությամբ, պալատը պատրաստվում է նշված ոլորտում իրականացնել հաշվեքննություն։

Ինչ վերաբերում է օրակարգի երկրորդ հարցին, ապա այն բխում է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից։ Մասնավորապես, ըստ այդ պահանջի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքների պարբերական բաշխումը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է հաշվեքննիչ պալատի նախագահը՝ համապատասխան հրամանի շրջանակներում։

Օրակարգի երրորդ հարցը զուտ աշխատանքային նշանակության է և կրում է օրենսդրական պարտադիր բնույթ։ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը ենթադրում է որոշակի նոր ընթացակարգեր, որոնց շրջանակներում, կառույցի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով, փոփոխություններ/ավելացումներ են առաջանալու Հաշվեքննիչ պալատի հետագա ֆինանսավորման հարցերում։

Նիստի ավարտին քննարկվեց նաև մեկ լրացուցիչ հարց: Պալատի անդամները հաստատեցին ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության նախագիծը։

Եզրակացությունը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում է Ազգային ժողով և Կառավարություն, միաժամանակ այն տեղադրվում է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական և ՀՀ հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքերում։

Ծանոթություն։

ՀՀ սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին Կառավարության կողմից ներկայացվող տարեկան հաշվետվության վերաբերյալ։

Երկուշաբթի, Մայիս 21, 2018