2017 թվականի նոյեմբերի 30-ին տեսակոնֆերանսի միջոցով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության հարցերով հաշվիչ կոմիտեի, Ղրղզստանի Հանրապետության հաշվիչ պալատի եւ Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի կոլեգիաների (խորհուրդների, լիազորված մարմինների) համատեղ նիստը: Նիստին հրավիրվել էին և մասնակցել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված պետական մարմինների՝ գանձապետական համակարգի և մաքսային մարմինների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին <<Եվրասիական տնտեսական միության մասին>> պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից ներմուծման մաքսատուրքերի` ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև բաշխման ենթակա գումարներն ամբողջությամբ և ժամանակին փոխանցելու կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառումների արդյունքները: Ելույթով հանդես եկան ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լ.Յոլյանը և բարձրագույն վերահսկիչ մարմինների բոլոր ղեկավարները, որոնք բարձր գնահատեցին կատարված աշխատանքը: Նշվեց նաև, որ անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից 2016 թվականին ընդհանուր առմամբ ապահովվել են ներմուծման մաքսատուրքերի բաշխման կարգի պահանջները:
Ըստ վերահսկողության արդյունքների 2016 թվականին անդամ պետությունների բյուջեներ փոխանցված ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարը կազմել է 9,8 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը՝ 104,9 մլն. ԱՄՆ դոլար, Բելառուսի Հանրապետությանը՝ 449,0 մլն. ԱՄՆ դոլար, Ղազախստանի Հանրապետությանը՝ 696,8 մլն. ԱՄՆ դոլար, Ղրղզստանի Հանրապետությանը՝ 185,8 մլն. ԱՄՆ դոլար,Ռուսաստանի Դաշնությանը՝8 371,8 մլն. ԱՄՆ դոլար:
Նիստի ընթացքում համապատասխան պարզաբանումներ տրվեցին հաշվետվությունում ներկայացված առանձին հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվեցին դրանց կարգավորման ուղիները: Ամփոփելով ելույթները և քննարկումները, Ղրղզստանի հաշվիչ պալատի նախագահի կողմից, որպես 2017 թվականի համատեղ վերահսկողական աշխատանքների համակարգող, հաշվետվության հաստատելու մասին որոշման նախագիծը դրվեց քվեարկության, որը ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից միանձնյա ընդունվեց և հաստատվեց: