ՀՀ հաշվեքննիչ պալատը` որպես 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի բարձրագույն հաշվեքննիչ մարմին և հսկողական միջոցառումների համակարգող, 2024 թվականի նոյեմբերի 27-ին կազմակերպել է ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համատեղ կոլեգիայի նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստին հրավիրված էին և մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավար կազմը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների և մաքսային մարմինների ներկայացուցիչները:
Նիստում բացման խոսքով հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ով ողջունելով բոլոր մասնակիցներին, կարևորեց Եվրասիական տնտեսական միության՝ որպես անդամ պետությունների տնտեսական աճն ու զարգացումը ապահովելու համար ստեղծված արդյունավետ ինտեգրացիոն միավորում լինելու հանգամանքը:
Ելույթով հանդես եկան ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պաշտոնատար անձինք, նշելով, որ 2023-ին ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինները ապահովել են ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտությունը, իսկ ԵԱՏՄ անդամ պետությունների 2023 թվականի բյուջեներում ստացված ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր ծավալը կազմել է 15 միլիարդ դոլար, ինչը ամենա բարձր ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ:
Նիստում քննարկվեց և հաստատվեց ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններում (գանձապետարաններում) անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառուման արդյունքներով կազմված ամփոփ հաշվետվությունը:
Ամփոփելով, Հաշվեքննիչ պալատի նախագահը ընդգծեց ԵԱՏՄ մարմիններում համատեղ հսկողական միջոցառումների շրջանակում բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև փոխգործակցության բարձր մակարդակը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին կատարված աշխատանքի և առաջադրանքը պատշաճ կատարելու համար:
Հաշվետվության ռուսերեն տարբերակը կուղարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն, իսկ հայերեն լեզվով հաշվետվության պաշտոնական թարգմանությունը, պատրաստ լինելուն պես, կտեղադրվի Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում: