Նոյեմբերի 28-ին առցանց ձևաչափով կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համատեղ կոլեգիայի նիստը: Նիստին հրավիրված էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված և մաքսային մարմինների պաշտոնատար անձիք:
Նիստում քննարկվեց ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմիններում (գանձապետարաններում) անդամ պետությունների բյուջեներ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման կարգի պահպանման նկատմամբ համատեղ վերահսկողական միջոցառման արդյունքներով կազմված ամփոփ հաշվետվությունը:
Նիստում ելույթով հանդես եկան ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների պատվիրակությունների ղեկավարները: ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթում նշեց, որ լիազորված մարմինների (գանձապետարանների) կողմից 2021 թվականին ԵԱՏՄ պայմանագրով սահմանված պահանջները հիմնականում ապահովվել են:
Նիստի ընթացքում համապատասխան պարզաբանումներ տրվեցին հաշվետվությունում ներկայացված առանձին հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվեցին դրանց կարգավորման ուղիները:
Ընդհանուր առմամբ ելույթ ունեցողները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և նշեցին, որ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից պատշաճ իրականացվել է ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Նիստի ավարտին ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարները հաստատեցին ամփոփ հաշվետվությունը: