2021 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման 2021 թվականի միջոցառումների ծրագրի վերաբերյալ դոնորների համակարգման կիսամյակային առցանց հանդիպումը։

 Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպական Միության Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության համատեղ SIGMA ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), ԱՄՆ աուդիտի բարձրագույն մարմնի ( GAO), Շվեդիայի աուդիտի ազգային գրասենյակի, ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայցուցիչներ և այլ միջազգային փորձագետներ։

Հանդիպման շրջանակներում Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագրի և միջոցառումների պլանի իրականացման մշտադիտարկման արդյունքները: Այնուհետև, Հաշվեքննիչ պալատի արտաքին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից քննարկվեցին ընթացիկ խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև հստակեցվեցին առաջիկա անելիքները։

Հանդիպմանը առաջիկա անելիքների վերաբերյալ ելույթով հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը՝ ընդգծելով դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող փորձագիտական և մասնագիտական աջակցության կարևորությունը պալատի համար, ինչպես նաև պալատի պատրաստակամությունը օգտագործելու ընձեռնված յուրաքանչյուր հնարավորություն, որը կնպաստի հաշվեքննության գործընթացի արդյունավետության բարձրացմանն ու հետագա կատարելագործմանը։

Նիստի մասնակիցները Հաշվեքննիչ պալատի ռազմավարության իրականացման ընթացքը գնահատեցին գոհացուցիչ՝ ի հեճուկս ներկայիս համավարակով պայմանավորված տեխնիկական խոչընդոտներին:

 

 

Երկուշաբթի, Հուլիս 12, 2021