2021 թվականի մարտի 26-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների աուդիտի բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 19-րդ նստաշրջանին, որն առաջին անգամ տեղի է ունեցել տեսակոնֆերանսի միջոցով:
18-րդ և 19-րդ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում Խորհրդի գործունեության մասին ելույթով հանդես եկավ ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Լեոնիդ Կուդրինը, որը ելույթի ավարտից հետո հաջորդ ժամանակահատվածում Խորհրդի նախագահողի խորհրդանիշը փոխանցեց Տաջիկստանի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահին:
Խորհրդի 19-րդ նստաշրջանի թեմատիկ մասը նվիրված էր «COVID-19 համաճարակի պայմաններում կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում աուդիտի բարձրագույն մարմինների դերին»:
Նիստի թեմատիկ մասում առանձին զեկույցով հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Իր զեկույցում Լ. Յոլյանն ընդգծեց, որ կայուն զարգացման նպատակների իրականացման հաջողությունը մեծապես կախված է հանրային ֆինանսների կառավարման գործընթացի արդյունավետ մոնիտորինգից, վերլուծությունից և հսկողությունից: Նա նշեց նաև, որ կայուն զարգացման նպատակները շարունակում են մնալ Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում, որի կողմից համավարակի տարածմանը հակազդելու համար ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով Հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության ծրագրի շրջանակներում կիրականացնի հաշեքննություններ ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեում:
Նիստի ընթացքում տեղեկատվություն տրամադրվեց Խորհրդին կից ստանդարտների մշակման աշխատանքային խմբի, Խորհրդի քարտուղարության գործունեության վերաբերյալ: Հաստատվեց 19-րդ և 20-րդ նստաշրջանների ժամանակահատվածում Խորհրդի աշխատանքային ծրագիրը:
Նիստի ավարտին որոշում կայացվեց Ուզբեկստանի հաշվիչ պալատին Խորհրդի կազմ ընդունելու մասին: