2023 թվականի սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով կայացել է ԱՊՀ անդամ պետությունների աուդիտի (ֆինանսական վերահսկողության) բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի 20-րդ նստաշրջանի թեմատիկ մասում, որը նվիրված էր «Պետական աուդիտի անկախության ապահովմանը», առանձին զեկույցով հանդես եկավ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: Հաշվեքննիչ պալատի նախագահն իր ելույթում նշել է աուդիտի բարձրագույն ինստիտուտների անկախության կարևորությունն ու արդիականությունը, որի պահպանումն ու զարգացումը պետական կառավարման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների անբաժանելի մասն է: Աուդիտի բարձրագույն ինստիտուտների գործունեությունը պետք է նպաստի հանրային ունեցվածքի կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև այդ գործընթացում թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը: Պալատի նախագահի խոսքերով, այդ նպատակին հասնելու համար պետական աուդիտի բարձրագույն մարմինը պետք է պաշտպանված լինի ցանկացած արտաքին ազդեցությունից, պահպանի անկախությունը, որը երաշխավորում է պետական աուդիտորների եզրակացությունների հավասարակշռությունը, հավաստիությունը և օբյեկտիվությունը և, հետևաբար, ծառայում է քաղաքացիների վստահության ամրապնդմանը:
Նիստի ընթացքում հաստատվեց ԱՊՀ անդամ պետությունների պետական աուդիտի (Ֆինանսական վերահսկողության) բարձրագույն մարմինների՝ ՌԴ Հաշվիչ պալատի նախաձեռնությամբ մշակված «Ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանության տերմինաբանությունը», ինչպես նաև 20-րդ և 21-րդ նստաշրջանների ժամանակահատվածում Խորհրդի աշխատանքային ծրագիրը:
Նիստի արդյունքում որոշվեց խորհրդի XXI նիստն անցկացնել 2025 թվականին Ուզբեկստանի Հանրապետությունում։

 

 

Երկուշաբթի, Հոկտեմբեր 2, 2023