ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի հուլիսի 6-ի արտահերթի նիստում ներկայացրեց <<ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին>> տարեկան հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը:
Իր զեկույցում ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանն անդրադարձել է պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանն առնչվող որոշ սկզբունքային խնդիրների՝ խոսելով բյուջետային գործընթացում վերջին տարիներին որոշակի առաջընթացի մասին, որում կա նաև Վերահսկիչ պալատի դերակատարումը:
ՎՊ նախագահը կարեւորել է վարկային եւ դրամաշնորհային միջոցների, ինչպես նաեւ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների ֆինանսական հոսքերն ամբողջությամբ գանձապետական համակարգի միջոցով շրջանառելու հարցը:
Վերահսկիչ պալատն անընդունելի է համարում այն մոտեցումը, որ հանրային հատվածում գործող նման կազմակերպություններն, անկախ իրենց կազմակերպաիրավական տեսակից, օգտագործելով պետական նշանակության ֆինանսական ռեսուրսներ, իրենց ֆինանսական շարժը կազմակերպում են առևտրային բանկերով:
Պարոն Յոլյանի խոսքով՝ որքան շատ բյուջետային միջոցներ շրջանառվեն գանձապետական համակարգի միջոցով, այնքան վերահսկելի եւ թափանցելի կլինի այդ միջոցների օգտագործումը:
ՎՊ նախագահն անհրաժեշտ է համարել գանձապետարանին այդ ծրագրերի մասով նախնական հսկողություն իրականացնելու հնարավորության տրամադրումը:
Նա անդրադարձել է նաեւ պալատի կարողությունների զարգացման խնդիրներին՝ նշելով որ պալատը բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ստանում է մայիսին և դրանից հետո մեկ ամիս ժամանակ է պահանջվում, որպեսզի Պալատը պատրաստի իր եզրակացությունը: Այսինքն՝ ուսումնասիրությունները կրում են վիճակագրական և կամերալ բնույթ:
Ըստ պարոն Յոլյանի՝ նոր Սահմանադրությունը Պալատի առջև դնում է որակապես այլ խնդիր: Այլևս, պետական բյուջեի կատարման վերաբերյալ Պալատը տալու է եզրակացություն՝ բացառապես հաշվեքննության արդյունքների հիման վրա:
Վերջում ՎՊ նախագահը ներկայացրել է բյուջեի գործառնական դասակարգման ծախսերի ուսումնասիրության հիմնական ցուցանիշները և դրանց շեղումները:
Ըստ ՎՊ եզրակացության՝ պետական բյուջեի կատարման հաշվետվության ցուցանիշներն արժանահավատ են, սահմանված պահանջները՝ կատարված:

Ուրբաթ, Հուլիս 7, 2017