Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների հրավիրած համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հաշվեքննության հիմնական արդյունքները պատգամավորներին համառոտ ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 6-րդ վարչության պետ Սարգիս Վաթյանը։ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանն անդրադառնալով ընթացիկ եզրակացության մեջ տեղ գտած արձանագրումներին տեղեկացրեց, որ դրանք համակողմանի քննարկվել են կոմիտեում և ներկա փուլում վեր հանված խնդիրների լուծման նպատակով ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Բանախոսները պատասխանեցին պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ոլորտում արձանագրված խնդիրների կարգավորման հնարավոր առաջնահերթությունները, որոնք քննարկման առարկա կդառնան առաջիկայում:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարևորելով Հաշվեքննիչ պալատի կողմից ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, նշեց, որ նախարարության համար դրանք օրակարգային են և ընթացքի մեջ է դրանց կարգավորման ուղղությամբ միջոցառումներ նախաձեռնելու գործընթացը։

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն արձանագրեց, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկումների ընտրված ձևաչափի նպատակը ՀՀ ազգային ժողովի, ՀՀ կառավարության և ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատանքների մեկտեղման ճանապարհով առկա խնդիրները վեր հանելը ու դրանք լուծելու ուղիները նախանշելն է, ինչն իր հերթին՝ խորհրդարանական հսկողության կիրառման միջոցով հնարավորություն կտա բարձրացնել պետական քաղաքականությունների արդյունավետությունը։ Եվ այդ առումով, նա նշեց նաև, որ հաշվեքննության արդյունքները մշտապես լինելու են պատգամավորների ուշադրության կենտրոնում և պարբերաբար կազմակերպվելու են այսօրինակ քննարկումներ, որպեսզի համատեղ ուժերով հնարավոր լինի կյանքի կոչել ընթացիկ կարգավորումներին և ոլորտային բարեփոխումներին ուղղված ջանքերն ու նպատակները։

 

 

Ուրբաթ, Մարտ 18, 2022