«ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախատեսված ծրագրի իրականացմամբ 2030թ. դրությամբ ապահովման ենթակա արդյունքներից (վերջնական թիրախներից) է այն, որ «ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»։
Որպես հանրակրթության բյուջետային ծրագրի վերջնական արդյունքի քանակական թիրախային ցուցանիշ էր սահմանվել՝ 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը 2024թ.-ին 99%-ի հասցնելը՝ 83.2% ելակետային ցուցանիշի համեմատությամբ։
Մինչդեռ, վերջնական արդյունքի փաստացի ցուցանիշը 2024թ.-ին կազմել է 82.5%՝ չհասնելով սահմանված թիրախին և 0.7%-ային կետով զիջելով 2019-2020թթ. ելակետային մակարդակը։
2024թ. հունվար ամսվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս են մնացել 19605 անձինք, որոնցից 12632‑ը կամ 64.4%-ը երբևէ որևէ հաստատությունում հաշվառված չեն եղել, իսկ 6973-ը կամ 35.6%-ը հաճախել են որևէ հաստատություն և հետո հայտնվել կրթությունից դուրս վիճակում։
Ընդ որում, 2024թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել 6-ից 19 տարեկան 634704 անձ, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ)՝ 523405 անձ։ Այսինքն, 6-ից 19 տարեկան 111299 անձ հաշվառված չի եղել ԿԿՏՀ-ում: Առկա չեն եղել նաև տվյալներ, թե 6-ից 19 տարեկան անձանցից քանիսն են գտնվել ՀՀ-ից դուրս և ընդգրկված չեն եղել այլ երկրի կրթական համակարգում:
Հաշվեքննության հաջորդ արձանագրման համաձայն, պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց՝ կրթությունից դուրս մնալու պատճառները չեն հաշվառվել և դրանց համակարգված վերլուծություն չի իրականացվել։
Պարտադիր կրթության համակարգում դպրոցական տարիքի անձանց ներգրավումն ապահովելու համար օրենսդրական պարտավորություն ունեցող՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինների (ԽՀՄ) կողմից 2024թ.-ին հայտնաբերվել են՝ ըստ ԿԿՏՀ տվյալների, պարտադիր կրթությունից դուրս մնացած 19605 անձանցից 695-ը (3.5%), իսկ նրանցից կրթության համակարգում ընդգրկվել են միայն 202-ը (1%-ը):
Հաշվեքննիչ պալատը, կրթության բնագավառում պետական քաղաքականության բաղադրիչներից մեկի՝ պարտադիր կրթության համակարգում շահառուների ընդգրկվածության նպատակով իրականացվող միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար որպես չափանիշներ կիրառել է օրենսդրությամբ և քաղաքականության միջոցառումների ծրագրերով հայտարարված նպատակներն ու հանձնառությունները: Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ հաշվեքննության առարկայի շրջանակում չի պահպանվել նպատակային արդյունավետության սկզբունքը, քանի որ պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտման, մոնիթորինգի և կրթական հաստատություններում ընդգրկման համակարգը չի ապահովել 2024թ. համար պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածության 99% ցուցանիշը (այն կազմել է 82.5%)՝ զիջելով ելակետային մակարդակը և չմոտեցնելով 2030թ. վերջնական թիրախին:
Հաշվեքննության արդյունքներով Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է առաջարկներ, որոնք ուղղված են պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց ամբողջությամբ ու ժամանակին բացահայտմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը և կրթության համակարգում ընդգրկման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։
Մանրամասները պարունակող հաշվեքննության հաշվետվությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
* * *
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia