Միացյալ Նահանգների Կառավարությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով միջգերատեսչական պայմանագիր ստորագրեց ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի (GAO) աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին, տեխնիկական օժանդակության տրամադրման շուրջ:

«Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» ծրագրի մեկնարկը տրվեց 2020թ. հունիսի 23-ին տեղի ունեցած առցանց ձևաչափով համատեղ միջոցառմանը, որին մասնակցում էին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, ԱՄՆ Բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի (GAO) ղեկավար Ջին  Դոդարոն, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին, USAID հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, USAID  գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը և այլ մասնակիցներ:

Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող Ջին Դոդարոն իր բացման խոսքում նշեց, որ համաձայնագիրն իր տեսակով բացառիկ է, ուղղված է Հայաստանի հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել պալատի ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր:

ԱՄՆ դեսպան Թրեյսին, մասնակիցներին ուղղված խոսքում, նշեց, որ Հաշվեքննիչ  պալատն  առանցքային դերակատարում ունի պետական հաստատությունների հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության  ամրապնդման առումով, և ուժեղ ու անկախ Աուդիտի բարձրագույն մարմինը  խիստ կարևոր դեր է կատարում  պետական հաստատությունների նկատմամբ  քաղաքացիների վստահության ձևավորման առումով, ապահովում է հանրային ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաև  կոռուպցիոն ռիսկերը նվազեցմանը: Դեսպանը իր խոսքում նշեց, որ 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով եռամսյա ծրագիրը  կիրականացվի GAO-ի մասնագիտական կարողություններով, որը համարվում է «ոսկե չափանիշ» աուդիտի բարձրագույն մարմինների շրջանում:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց ամերիկացի գործընկերներին՝ Հայաստանի Հաշվեքննիչ պալատի զարգացման գործում իրենց արժեքավոր աջակցությունը ցուցաբերելու համար, և վերահաստատեց Հաշվեքննիչ պալատի պատրաստակամությունը անելու առավելագույնը, որպեսզի արդյունքում ձևավորվի ավելի ազդեցիկ Բարձրագույն հաշվեքննիչ մարմին:

 

 

USAID գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միթչելը, իր հերթին նշեց, որ USAID գլխավոր ֆինանսական գրասենյակն իր լիազորությունների սահմանում   ամեն ինչով կաջակցի  գործընկեր երկրներում աուդիտի  մասնագիտության զարգացման համար, ինչպես նաև կշարունակի առաջնորդել միջգերատեսչական համագործակցությունը, որը միտված է աջակցելու  ՀՀ հաշվեքննիչ  պալատին:

Առցանց միջոցառման ընթացքում ԱՄՆ գործընկերները հույս հայտնեցին, որ Լևոն Յոլյանի պաշտոնական հրավերով ընթացիկ տարում ծրագրված և COVID-19 համավարակի պատճառով հետաձգված պաշտոնական այցը Երևան մոտ ապագայում տեղի կունենա:

Սա USAID հայաստանյան գրասենյակի երկրորդ միջգերատեսչական պայմանագիրն է GAO աուդիտի գերազանցության կենտրոնի հետ: Նախորդ համաձայնագրով GAO-ն Հաշվեքննիչ  պալատում իրականացրել է կարիքների գնահատում ՝ վերջինիս ուժեղ և  թույլ կողմերն ու կարիքները վեր հանելու նպատակով:  Այս ծրագրով նախատեսված օրակարգը հիմնված է կարիքների գնահատման արդյուքում արված  առաջարկությունների վրա և համահունչ է ՀՀ Կառավարության՝ Պետական  ֆինանսների կառավարման (ՊՖԿ) բարեփոխումների ռազմավարությանը: 

Եռամյա ծրագրի շրջանակում ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի գերազանցության կենտրոնը ՀՀ Հաշվեքննիչ պալատին կտրամադրի կարողությունների զարգացման, վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:

Հինգշաբթի, Հուլիս 9, 2020