2018թ. ապրիլի 26-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:
Լ. Յոլյանը նշել է, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են 18 ընթացիկ հաշվետվություններում:
Քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ պարունակող թվով 3 արձանագրություն, մասնավորապես,
ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի պահանջով հարուցված կատարողական վարույթների մասով, ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի մասով․ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող <<Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի>> մասով կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Լ. Յոլյանը նշել է, որ <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի նյութերով հարուցվել է քրեական գործ, իսկ մյուս երկու արձանագրություններն ուսումնասիրման փուլում են։
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծել է, որ 2018թ. մարտի 30-ին բոլոր հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով, դրանց մասին տեղեկացվել են ՀՀ Նախագահն ու ՀՀ կառավարությունը:
2017թ. ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա ներկայացվել է թվով 180 առաջարկություն: