2017թ.-ի հոկտեմբերի 2-ից – 6-ը, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Աբրահամ Բախչագուլյանի գլխավորած պատվիրակությունն ուսումնական և աշխատանքային այցով գտնվում էր Ավստրիայում:
Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները մասնակցեցին Ավստրիայի միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (ՄՀԱ) կողմից կազմակերպված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար նախատեսված հատուկ հակակոռուպցիոն ուսումնական եռօրյա դասընթացին։
ՄՀԱ-ի պրոֆեսորներն ու հակակոռուպցիոն բնագավառի հայտնի փորձագետները մասնակիցներին ներկայացրեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը, կոռուպցիայի դեմ պայքարում առկա ժամանակակից մարտահրավերները և միտումները, կոռուպցիայի դեմ պայքարում պետության և մասնավոր սեկտորի համագործակցությունը, պետական գնումներին, շահերի բախման և կանխարգելման կառավարմանը, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարին վերաբերող հարցերը:
Միջոցառմանը ներկա են գտնվել տարբեր ԵԱՏՄ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների պաշտոնյաներ, միջազգային փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են քննարկվող թեմային առնչվող իրենց երկրների և կազմակերպությունների ձեռքբերումներն ու մարտահրավերները:
Միջոցառման ընթացքում Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են Հայաստանում արտաքին պետական աուդիտի բարեփոխումների ներկա ընթացքին և առաջիկա անելիքներին` կարևորելով հակակոռուպցիոն պետական քաղաքականության շրջանակներում Վերահսկիչ պալատի և հանրային մյուս ինստիտուտների և հաստատությունների միջև համագործակցության առանձնահատկությունները:
Դասընթացներից հետո ճանաչողական առանձին այց է կատարվել նաև Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ մասնակիցները ծանոթացել են ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրարկմանն առնչվող հարցերին և խնդիրներին:
Հոկտեմբերի 6-ին Աբրահամ Բախչագուլյանի ղեկավարած պատվիրակությունը այցելեց նաև Ավստրիայի բարձրագույն աուդիտի մարմին, որտեղ գտնվում է նաև ԻՆՏՕՍԱԻ գլխավոր քարտուղարությունը:
Ավստրիայի բարձրագույն աուդիտի մարմնի գործընկերների և ԻՆՏՕՍԱԻ գլխավոր քարտուղարության ներկայացուցիչների հետ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանի Վերահսկիչ պալատի կարողությունների զարգացման ծրագրերը և դրանց իրագործման հարցում հնարավոր աջակցության ուղիները:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 9, 2017