Փետրվարի 18-ին և 19-ին տեղի է ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ Մանե Թանդիլյանի նախագահությամբ։
Պալատը նիստին ներկայացնում էին Հաշվեքննիչ պալատի անդամներ և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ պալատի նախագահ Լևոն Յոլյանի գլխավորությամբ։
Փետրվարի 18-ի քննարկման առարկան էր ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ, որոնք ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության եւ միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը, ով տեղեկացրել է, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 եւ 2018 թվականները: Այն իրականացվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSA) «ISSAI 100 - Հանրային հատվածի աուդիտի հիմնարար սկզբունքները» եւ «ISSAI 300 - Կատարողականի աուդիտի սկզբունքները» միջազգային ստանդարտների համաձայն՝ Հաշվեքննությունն իրականացվել է համակարգին միտված:
Կարեն Առուստամյանը նշեց, որ հաշվեքննությունն իրականացվել է 8 հիմնական ուղղություններով և արձանագրվել է 37 փաստ, որոնք ըստ հաշվեքննողների՝ վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր: Այդ ռիսկերի հիման վրա պալատը ներկայացրել է 44 առաջարկություն, որոնք կնպաստեն պետպարտքի կառավարման համակարգի բարելավմանը։
Oրեր առաջ ֆինանսների նախարարի հրամանով սահմանվել է միջոցառումների հատուկ ծրագիր, որն ուղղված է հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների կյանքի կոչմանը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը իր ելույթի ընթացքում նշել է, որ ուսումնասիրություններն արվել են կառուցողական մթնոլորտում եւ նպատակները համընկնում են: Ֆինանսների նախարարն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված խնդիրներին եւ առաջարկներին:
Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված երկրորդ հաշվեքննության արդյունքները քննարկվեցին փետրվարի 19-ի հանդիպման ընթացքում։
Քննարկման առարկան էր ՝ ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների վերաբերյալ ընթացիկ եզրակացության արդյունքները, որոնք զեկուցեց Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։
Բանախոսը տեղեկացրեց, որ 2018-2019 թվականների ստուգումները կատարվել են 2017-2018 թվականների ծրագրերով, ինչպես նաև՝ 2018-2019 թվականների ստուգման ծրագրերով:
«2018 թվականի ընթացքում 2017-2018 թվականների սահմանած հարկ վճարողներից իրականացվել է 522 ստուգում և արձանագրվել է 13 մլրդ դրամ: 2018-2019 թվականների ստուգման ծրագրերով իրականացվել է 285 ստուգում և արձանագրվել է 1,7 մլրդ դրամ: Ընդ որում, 522 ստուգումներից 417-ը կատարվել է բարձր ռիսկայնության խմբում, 80-ը՝ միջին, իսկ 25-ը՝ ցածր ռիսկայնության խմբերում: Ընդհանուր արձանագրված գումարը կազմել է 12,9 մլրդ դրամ: 2018-2019 թվականների ստուգման ծրագրով 2018 թվականին կատարված 285 ստուգումներից 211-ն իրականացվել է՝ բարձր ռիսկայնության, 58-ը՝ միջին, իսկ 16-ը՝ ցածր ռիսկայնության գոտիներում, որից արձանագրված գումարը կազմել է 1,7 մլրդ դրամ» - նշեց Դավիթ Չիբուխչյանը:
«Հաշվեքննիչ պալատի կարծիքով՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ ձևավորված ցուցակներն ըստ էության ծառայում են իրենց նպատակին և հնարավորինս կարողանում են կառավարել ռիսկերը և հայտնաբերել հնարավորինս հարկային խախտումներ իրականացնողներին»,- եզրափակեց Դավիթ Չիբուխչյանը:
Պալատի կողմից այս ոլորտին առնչվող արձանագրած անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Հաշվեքննիչ պալատի հետ մեր համաձայնությունները եղել են հիմնականում վիճակագրական բնույթի ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Բանախոսները պատասխանել են պատգամավորներին հետաքրքրող բոլոր հարցերին: