Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նիստը, որը վարել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ Նիստին մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Հաշվեքննիչ պալատը հերթական նիստում ընդունել է հետևյալ որոշումները՝

  • «Հաշվեքննիչ պալատի կոնոնադրությունը հաստատելու մասին»
  • «Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը հաստատելու մասին»
  • «ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրում և բաշ­խում, դրանք, որպես եկամուտ, բյուջեներ փոխանցում» թեմայի շրջա­նակներում ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ համատեղ հաշվեքննության առա­ջադրանքը հաստատելու մասին»։

 

Հաշվեքննիչ պալատի կանոնադրության մասին

Հաստատվեցին Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների միջև պար­տա­կանությունների բաշխումը, կազմակերպման և իրականացման կարգը։

Պալատի կառուցվածքում գործում է 14 վարչություն և մեկ բաժին։ Վարչություններից 12-ը կարող են իրա­կանացնել հաշվեքննություն, իսկ մնացած ստորաբաժանումները կլինեն աջակցող մասնագիտական միավորներ։

Պալատի կառուցվածքում կլինեն նաև քաղաքացիական աշխատանք կա­տա­րող անձինք՝ խորհրդականներ, օգնականներ, պայմանագրային աշխատողներ։

Կանոնակարգի մասին

Հաշվեքննիչ պալատի կանոնակարգով սահմանվեցին Հաշվեքննիչ պա­լա­տի ներքին ընթացակարգը, հաշվեքննության կազմակերպման և իրա­կա­նաց­ման ներքին ընթացակարգերը, գործունեության ծրագրի, գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման, պետական բյու­ջեի կատարման վերաբերյալ եզրակացության և ընթացիկ եզրա­կա­ցության ձևանմուշները:

Բացի այդ, Կանոնակարգով սահմանվեց հաշվեքննիչ պալատի անդամների, ինչպես նաև հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքի պարբերական վերաբաշխման սկզբունքը։

 

 

ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ համատեղ հաշվեքննության մասին

Արդեն երրորդ տարին է, ինչ պալատը համագործակցում է ԵԱՏՄ անդամ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների հետ։

Մաքսատուրքերի հետ կապված համատեղ հաշվեքննության պահանջը բխում է ԵԱՏՄ պայմանագրից։ Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչներն իրենց գործընկերների հետ համատեղ ստուգումներ կիրականացնեն Բիշքեկում, Աստանայում, Մինսկում, Մոսկվայում և Երևանում։

Նախատեսվում է համատեղ հաշվեքննությունն ավարտել 2018 թվականի նոյեմբերի 1-ին։

Յուրաքանչյուր տարի հաշվեքննիչ մարմիններից մեկը հանդիսանում է համատեղ ստուգումների համակարգող երկիր։ Այս տարի այդ դերը փոխացնվել է ՌԴ հաշվիչ պալատին։

Նիստի ավարտին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը տվեց մի շարք հանձնարարականներ։

Լևոն Յոլյանն ընդգծեց 2017 թվականի վերահսկողության արդյունքներով պայմանավորված հետհսկողության անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Պալատի ղեկավարն իր խոսքում նշեց.

  • «Անհրաժեշտ է հետամուտ լինել մեր եզրակացություններից և եզրահանգումներից բխող կարգավորման ենթակա այն գործողությունների իրականացման ընթացքին, որոնք պետք է կատարեն վերահսկված օբյեկտների ղեկավարները։ Այդ նպատակով անցած տարվա ընթացքում վերահսկողության աշխատանքները համակարգած խորհրդի անդամները պետք է ամփոփեն Պալատի առաջարկությունների ընդունման և դրանցով պայմանավորված՝ գործադիր իշխանության գործողությունները։ Մենք այս դաշտում նույնպես պետք է լինենք հրապարակային և թափանցիկ։ Պալատը պետք է ստանա բավարար հավաստիացումներ այն մասին, թե արդյոք վերահսկողությունը եղել է արդյունավետ, արդյոք գործադիր իշխանությունն արել է անհրաժեշտ փոփոխություններ և բարելավումներ։ Այս աշխատանքը պետք է լինի մշտադիտարկման ձևաչափով և մենք պարբերաբար պետք է արդյունքների մասին հրապարակայնորեն խոսենք՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Ազգային ժողովի հետ։ Խորհրդարանական վերահսկողության գործիքը նույնպես կարող է օգտակար լինել պալատի եզրահանգումները վերջնակետին հասցնելու նպատակով»։

Նիստի ընթացքում Հաշվեքննիչ պալատի անդամներն անդրադարձան նաև 2018 թվականի ընթացիկ անելիքներին, մասնավորապես, հաշվեքննության նոր թեմաներին, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի գործունեության լիարժեք ապահովման պահանջով պայմանավորված ենթաօրենսդրական դաշտի մշակման անհրաժեշտությանը։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը վերջում տվեց մի շարք այլ աշխատանքային և կազմակերպչական հանձնարարականներ,  մանա­վորապես, հանձնարարվեց պալատի պաշտոնական ինտերնետային էջում և azdarar.am կայքում սահմանված կարգով հրապարակել նիստի ընթացքում կայացված բո­լոր որոշումները։

 

Հինգշաբթի, Մայիս 10, 2018