2024 թվականի նոյեմբերի 20-ին Հաշվեքննիչ պալատում տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի և Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը Թբիլիսի) Ն.Գ. տիկին Էդիտե Մեդնեի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հաշվեքննիչ պալատի և Լատվիայի Հանրապետության պետական աուդիտի գրասենյակի համագործակցության հնարավոր ուղիները:
Տիկին Մեդնեն, ներկայացնելով Պետական աուդիտի գրասենյակի գործունեությունը՝ նշեց, որ կառույցը, լայնածավալ բարեփոխումների արդյունքում, զգալի առաջընթաց է ունեցել իր առաքելության իրագործման հարցում և ներկայում իր աջակցությունն է առաջարկում Հաշվեքննիչ պալատին։
Ատոմ Ջանջուղազյանը, բարձր գնահատելով տիկին դեսպանի հետաքրքրությունը Հաշվեքննիչ պալատի գործունեության նկատմամբ և Լատվիայի գործընկեր կառույցի պատրաստակամությունը, նշեց, որ Հաշվեքննիչ պալատը, Ազգային ժողովի կողմից այս տարի վերանայված արտաքին պետական հաշվեքննության գործառույթի կարգավորումների իրագործման նպատակով, ներկայում գտնվում է բարեփոխումների ինտենսիվ փուլում։
Հաշվեքննիչ պալատի նախագահը փաստեց, որ Ազգային Ժողովի կողմից հաստատված Հաշվեքննիչ պալատի մասին նոր Օրենքը և դրանից բխող նոր հնարավորությունները, ընդհանուր առմամբ՝ հանրային ֆինանսների կառավարման և մասնավորապես՝ արտաքին պետական հաշվեքննության գործառույթի համար առանցքային նշանակություն ունեն։
Ատոմ Ջանջուղազյանը որոշ մանրամասներ ներկայացրեց նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության վերաբերյալ։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքը՝ երկու երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջև փորձի փոխանակման և համագործակցության առկա ներուժի իրացման ուղղությամբ։