2022 թվականի մարտի 15-ին Ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների հրավիրած համատեղ նիստում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։

Հաշվեքննության արդյունքները պատգամավորներին համառոտ ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր խոսքում նշեց, որ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ պետական առողջապահական գործակալության ներկայացրած անհամաձայնություններն ու պարզաբանումները տեխնիկական պատճառներով ժամանակին տեղ չեն հասել, և խնդրեց հանձնաժողովների նախագահներին տվյալ քննարկումը հետաձգել։

Քանի որ Հաշվեքննիչ պալատը ծանոթ չէր Նախարարության դիրքորոշմանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, առաջարկեց նիստը հետաձգել՝ ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին, քննարկելու արձանագրված անհամապատասխանությունները և դրանց վերաբերյալ երկուստեք մոտեցումները։

Որոշում է կայացվել երկու հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրել 2022թ. մարտի 25-ին։

 

 

 

Ուրբաթ, Մարտ 18, 2022