Մայիսի 6-ին Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ընդունել էր UNDP MAP ծրագրի ներկայացուցիչներին՝ ծրագրի ղեկավար Բիլիանա Լեդենիկային և ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանին։

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) 2019թ. հունվար ամսից ՀՀ-ում իրականացնում է Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանում (MAP) ծրագիրը։

Հաշվեքննիչ պալատի հետ համագործակցությունը մեկնարկել է 2021թ. փետրվար ամսին՝ UNDP MAP ծրագրի ղեկավար Բիլիանա Լեդենիկանի և Հաշվեքննիչ պալատի նախագահի հետպաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, ըստ որի, խորհրդարանին աջակցության ծրագրով UNDP-ն պատրաստ է՝ միջոցների առկայության դեպքում աջակցել հաշվեքննություններին որակավորված մասնագետների ներգրավմամբ։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ Պալատը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ ՀՊ գործընթացներին նոր թափ հաղորդելու նպատակով։ Պալատի նախագահը առանձնակի ուշադրություն դարձրեց մտքերի և առաջարկների լայն շրջանակից առաջնայիններն ու իրագործելիները ճիշտ տարանջատելու և դուրս բերելու կարևորությանը։ Այս մասին խոսելիս՝ Ատոմ Ջանջուղազյանը հատուկ կարևորության արժանացրեց Պալատի հաղորդակցությունը Ազգային Ժողովի, Կառավարության և հանրության հետ։

UNDP MAP ծրագրի ղեկավար Բիլիանա Լեդենիկան իր պատասխան խոսքում ողջունեց և շնորհավորեց Պալատի նախագահին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հյուրերը, ներկայացնելով նախկինում կատարված աշխատանքային փորձը այլ Պալատների հետ, ի պատասխան ՀՊ նախագահի խոսքին, հաստատեցին, որ իրենց համար ևս՝ աշխատանքային գործընթացները բարելավելու հարցում լավագույն ձևաչափը համագործակցությունն է, երկկողմանի տարվող աշխատանքներն են և, իհարկե, փորձիփոխանակումը։ Այս առումով, Ծրագրի ղեկավար Բիլիանա Լեդենիկան կարևորեց և ողջունեց ՀՊնախագահի և թիմի պատրաստակամությունը։

Ծրագրի շրջանակներում 2021-2022թթ. ՀՊ և UNDP MAP ծրագրի համագործակցությունն արդեն ակնհայտ արդյունքներ են տվել, և ըստ Ծրագրի ղեկավարի, այդ արդյունքները շարունակական բնույթ են կրելու, քանի որ Ծրագրի ավարտը, որը նախատեսվում էր 2022թ, կերկարաձգվի ևս մեկտարով։ Բիլիանա Լեդենիկան իր խոսքում նշեց, որ պալատի հետ հետագա համագործակցության եզրերն ու ուղղությունները գծելու գործընթացում, անփոխարինելի դերակատարում են ունենալու Պալատի պահանջներն ու սպասելիքները։ Լավագույն արդյունք ապահովելու նպատակով, Ծրագրի ներկայացուցիչները հակված են մեծ ուշադրություն դարձնել Պալատի առաջնային և արդիական խնդիրներին՝ միայն դրանց ճիշտ ընկալելուց և հիմնովին ուսումնասիրելուց հետո անցում կկատարվի գործնական քայլերի։

Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, շնորհակալություն հայտնեց Ծրագրի ներկայացուցիչներին՝ պատրաստակամության նման մակարդակի համար։ Անդրադառնալով այլ երկրների Հաշվեքննիչ պալատների և Ծրագրի համագործակցության փորձին, ՀՊ նախագահը նշեց, որ չնայած որոշակի տարբերությունների գործընկեր կառույցների միջև, նրանց առջև կանգնած խնդիրները սկզբունքային առումով շատ չեն տարբերվում, և որ հետագայում գործընկեր ինստիտուտների նմանատիպ խնդիրները չկրկնելու նկատառումով, Հաշվեքննիչ պալատը մշտապես հետաքրքրված է փորձի փոխանակման ձևաչափով շփվել այլ Պալատների հետ՝ հայտնի խնդիրները լուծելիս կուտակված փորձը լավագույնս օգտագործելու հեռանկարով։

Խորհրդարանին աջակցության ծրագրի շրջանակներում, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաղորդակցության բարելավման նպատակով, ինչպես նաև, կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը սույն թվականի մայիսի 9-12-ը ընկած ժամանակաշրջանում կմասնակցեն «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանում» (MAP) ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը տեղի է ունենալու Վիեննա քախաքում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուրբաթ, Մայիս 6, 2022