2022թ. հուլիսի 27-ին կայացել է Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը, որը վարել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Նիստի օրակարգում ներառված էր 27 հարց։ Օրակարգային 20 հարցերով որոշումներ են կայացվել Հաշվեքննիչ պալատի գործունեության 2022 թվականի ծրագրի 1‑ին մասի կատարումն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման հաշվեքննությունների շրջանակում համապատասխանաբար 10‑ական որոշումներով հաստատվել են 3 ամիսների հաշվեքննությունների արդյունքներն ամփոփող ընթացիկ եզրակացությունները և 6 ամիսների իրականացվելիք հաշվեքննությունների առաջադրանքները՝ ներքոթվարկյալ պետական մարմինների համար.

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն,
  2. ՀՀ պաշտպանության նախարարություն /գաղտնի/,
  3. ՀՀ ֆինանսների նախարարությունում,
  4. ՀՀ  պետական եկամուտների կոմիտե,
  5. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
  6. ՀՀ առողջապահության նախարարություն,
  7. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  8. ՀՀ ոստիկանություն,
  9. ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարու­թյան ջրային կոմիտե,
  10. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Հաշվեքննիչ պալատը 2 այլ որոշումներով հաստատել է՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իր գործունեության ծրագրի 2‑րդ մասում ներառ­ված, Ծաղկաձորի և Կապանի համայնքապետարանների ֆինանսատնտե­սական գործունեության հաշվեքննությունների առաջադրանքները։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նկատմամբ հաշվեքննությունը կասեցնելու վերաբերյալ հաշվեքննվող օբյեկտի՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության հիմքով։

Հաշվեքննիչ պալատը իր գործունեությունը բարելավելու նպատակով հաստատել է նաև գործավարության նոր կարգը, որով կարգավորվում են ներքին փաստաթղթաշրջա­նառության էլեկտրոնային համակարգի ներդրման և կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները, ինչպես նաև ընդունել է ընթացակարգային բնույթի մի շարք որոշումներ։

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ:

 

Երկուշաբթի, Օգոստոս 1, 2022