Մայիսի 11-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած Հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում «Կոռուպցիան և պետական վերահսկողությունը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը` ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի դերն ու գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի բացահայտումները և դրանց հետագա ճակատագիրը: Դասընթացը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ Հաշվեքննիչ պալատի գործունեության և առհասարակ Հայաստանի հանրապետությունում վերահսկողական գործարույթներ ունեցող մարմինների նկատմամբ։
Ծրագիրը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող "պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման" ծրագրի շրջանակներում։Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին գիտելիքներ տրամադրել կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերի մասին: Ավելի քան 100 դիմորդից ընտրվել են 25 մասնակիցներ, որոնք դասախոսություններ կլսեն տարբեր ոլորտների կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ առաջատար մասնագետներից, հետազոտողներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից և պետական պաշտոնյաներից:
Դպրոցի մասնակիցները խոստացան դասընթացների վերջում ստեղծել աշխատանքային թիմ, մշակել և իրականացնել ծրագիր հենց այս թեմայի շրջանակներում, որը էլ ավելի կբարձրացնի պետական վերահսկողական մարմինների գործունեության թափանցիկության մակարդակը և կօգնի նրանց պետական համակարգից կոռուպցիան և բարեվարքությունը արմատախիլ անելու գործընթացում։
Երկուշաբթի, Մայիս 13, 2019