Փետրվարի 22-23-ը Աղվերանում կայացավ «Հանդիպումն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ» երկօրյա համաժողովը, որը կազմակերպվել էր Հաշվեքննիչ պալատի կողմից՝ GIZ-ի աջակցությամբ։

Միջոցառման նպատակն էր՝ ստեղծել աշխատանքային միջավայր լրագրողների և պալատի ներկայացուցիչների միջև, որը կնպաստի համագործակցության շրջանակների ընդլայնմանը և հետագա բացահայտումների տարածմանը հանրության լայն շրջանակներում։ Օրակարգով նախատեսված բոլոր հարցերը միտված էին ներկայացնելու պալատի գործունեությունը, 2020 թվականի գործունեության ծրագիրը, գործառույթներն ու համապատասխան օրենքը։

 

Պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, այդ ծրագրի մշակման և ստեղծման մոտեցումներն ու մեթոդաբանությունը։

Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը խոսեց պալատի գործառույթների մասին՝ անդրադարձ կատարելով պալատի մասին ՀՀ օրենքին։

Մեկ այլ բլոկով նախատեսված էին քննարկումներ պալատի կողմից կազմվող ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ, որոնք ներկայացնում են հաշվեքննությունների արդյունքները։

 

Տեսական տեղեկատվությանը հաջորդեց գործնական դրույթների ներակայացումը ՄՎՄԿ վարչության պետի տեղակալ Զորայր Կարապետյանը ներկայացրեց Երևան քաղաքում շտապ բժշկական օգնության ծառայությունների հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը, իսկ ՄՎՄԿ վարչության գլխավոր մասնագետ Նելլի Մարտիրոսյանը խոսեց Գիտության կոմիտեի 2018 թվականի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ընթացիկ եզրակացության մասին։

Մասնակիցները, օգտվելով օրակարգով տրամադրված ժամանակից, հնարավորություն ունեցան հարց-պատասխան ձևաչափով ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքի նոր գործիքները, որոնք ստեղծվել են հանրության համար պալատի կողմից իրականացվող հաշվեքննությունների վերաբերյալ տեղեկատվությունը առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով։

Լրագրողները մասնակցեցին նաև պալատի ընթացիկ եզրակացությունների հիման վրա կազմված ինտերակտիվ խաղին, որտեղ կիրառելով ստացած տեղեկատվությունը պալատի մասին՝ ներկայացրեցին իրենց հիմնավորումները տարբեր բացահայտումների առաջնահերթությունների վերաբերյալ։

Պալատի անդամներ Արմեն Գևորգյանն ու Դավիթ Չիբուխչյանը շնորհակալություն հայտնեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցության համար և պատրաստակամություն հայտնեցին նպաստել նման ձևաչափով հանդիպումների շարունակական բնույթին։

 

 

 

Երկուշաբթի, Փետրվար 24, 2020