2018թ. հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ <<Հաշվեքննիչ պալատի մասին >> ՀՀ օրենքը:
ՀՀ սահմանադրությամբ և նոր օրենքով տրված լիազորությունների շրջանակներում Հաշվեքննիչ պալատը կիրականացնի որակապես նոր, միջազգային ստանդարտներին (ISSAI) համահունչ արտաքին պետական հաշվեքննություն:
Հաշվեքննիչ պալատի գոռծունեության տարեկան ծրագիրն այլևս պալատն ինքնուրույն է հաստատելու, մինչդեռ գործող օրենսդրությամբ Ազգային ժողովն է երկար տարիներ որոշել վերահսկողության թեմաները:
Նոր օրենքով կընդլայնվի Հաշվեքննիչ պալատի գործիքակազմը: Բյուջեն լիարժեք հաշվեքննելու նպատակով կլինի հանրային ռեսուրսներին առնչվող տեղեկատվության ավելի լայն հասանելիություն:
Հաշվեքննիչ պալատի քաղաքական չեզոքությունը երաշխավորված է օրենքով: Նոր օրենքը նախատեսում է նաև հաշվեքննության որակի բարձրացման ուղղված բացարձակապես նոր ընթացակարգեր: Պալատում կլինի որակի ապահովման նոր համակարգ: Պալատի աշխատակիցների մասնագիտական կարողությունների ուժեղացման հնարավորությունը նույնպես նախատեսված է նոր օրենքով:
Բարձրացել են նաև Հաշվեքննիչ պալատի թափանցիկության, հաշվետվողականության և հրապարակայնության հետ կապված պահանջները:
Նոր օրենքը նախատեսում է նաև մի շարք ներքին իրավական նոր ակտերի մշակման անհրաժեշտություն:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Չորեքշաբթի, Հունվար 31, 2018