Մոսկվայում շարունակվում են INCOSAI XXIII համագումարի աշխատանքները: ՀՀ հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը Լ. Յոլյանի գլխավորությամբ ակտիվ մասնակցում է համագումարի բոլոր հարթակներին: Հետևելով համագումարի ընթացքին՝ հարկ է նշել, որ միջոցառումը կազմակերպված է բարձր մակարդակի վրա:
Mir.Tv-ին տրված հարցազրույցում պալատի նախագահ Լ. Յոլյանը, պատասխանելով ներմուծման մաքսատուրքերի վերահսկողական միջոցառման վերաբերյալ համաձայնագրի մասին հարցին, ասաց՝ - Վերահսկողական կարևոր խնդիրներից է օրենսդրական դաշտի կատարելագործումը ինչպես գործող օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելով, այնպես էլ նոր իրավական ակտերի ընդունմամբ: Համաձայնագրի էությունը կայանում է համատեղ վերահսկողական միջոցառումների հիմնական խնդիրները կարգավորելու մեջ: Մինչ օրս աշխատանքներ են տարվում համաձայնագրի նախագծի շուրջ՝ . ԵԱՏՄ անդամ երկրներում իրականացվում է տվյալ համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացը:
Երեք երկրներում այդ գործընթացներն արդեն ավարտված են, շուտով, կարծում եմ, կավարտվեն նաև Ղազախստանում և Ղրղզստանում, որից հետո համաձայնագիրը կստորագրվի և կմտնի ուժի մեջ:
Լ. Յոլյանը անրադաձավ նաև ԵԱՏՄ անդամ երկրների ակտիվ համագործակցությանը. ԵԱՏՄ պայմանագրի պահանջներին համապատասխան, մեր երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները տարիներ շարունակ իրականացնում են երկու համատեղ վերահսկողական միջոցառումներ. առաջինը ուղղված է ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման կարգի պահպանմանը և երկրորդը՝ Եվրասիական տնտեսական միության դատարանում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում արտաքին աուդիտի իրականացմանը: Ընդ որում, այս տարի ներմուծման մաքսատուրքերի նկատմամբ հսկողական միջոցառումների կազմակերպման պատասխանատուն է հայկական կողմը: Կարծում եմ, որ նոյեմբերին Երևանում, մեր գործընկերների հետ միասին համատեղ կոլեգիայի նիստում կհաստատենք ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ հաշվետվությունը, – ասաց Յոլյանը:
Համագումարի հարթակներում հանդես գալուց բացի` հաշվեքննիչ պալատի պատվիրակությունը, ըստ նախնական պայմանավորվածությունների, բազմաթիվ երկկողմանի հանդիպումներ է ունենում։