Հունիսի 24-ի ՀՀ Ազգային ժողովում կայացած արտահերթ նիստի շրջանակներում քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ ներկայացրեց պաալտի նախագահ Լևոն Յոլյանը, ով իր խոսքում նշեց՝ « Հաշվի առնելով եզրակացությամբ ներկայացված նկատառումներն ու փաստերը, Հաշվեքննիչ պալատը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տալիս է դրական եզրահանգում» ։

Շարունակելով ելույթը, Յոլյանը խոսել է առկա խնդիրների մասին,  նկատառումներ ու փաստեր ներկայացրել մի շարք հարցերի լուծման առնչությամբ, որոնք, ըստ պալատի, սկզբունքային են և արժանի առավել ուշադրության: Անդրադառնալով մի շարք խնդիրներին, Յոլյանը խոսեց նաև բյուջետետային միջոցները գանձապետական համակարգով շրջանառելուց, ինչը, ՀՊ նախագահի գնահատմամբ, ավելի վերահսկելի ու թափանցիկ է դարձնում այդ միջոցների օգտագործումը:

Միեւնույն ժամանակ, պալատի նախագահը իր ելույթում նշեց` նաև դրական փոփոխություններ են գրանցվել նախկինում պալատի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման գործընթացում։ Օրինակ՝ արտաբյուջետային միջոցները 2019 թվականին արդեն իսկ ներառվել են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում, իսկ գանձապետական միասնական հաշվի մնացորդների մասին տեղեկատվությունը արդեն ներառվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ։ 

Ավարտելով ելույթը, Յոլյանը անդրադարձավ նախորդ տարիների և 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմելու ձևաչափին, նշելով՝ «Համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի, 2020 թվականից սկսած Հաշվեքննիչ պալատի՝ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվելու է ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման նկատմամբ հաշվեքննությունների միջոցով»։

Ծանոթություն. «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությանը» ծանոթացեք այս հղմամբ:

 

 

 

 

 

 

Չորեքշաբթի, Հունիս 24, 2020