ՀՀ Ազգային Ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի՝ հունիսի 14-ին մեկնարկած հերթական քառօրյայի ընթացքում շարունակվել է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը:
ՀՀ Սահմանադրության և օրենքների համաձայն, Ազգային ժողովը՝ պետական բյուջեի վերահսկողության գործառույթի շրջանակում, պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտում է դրա հետ կապված՝ Հաշվեքննիչ պալատի (այսուհետև՝ Պալատ) եզրակացության առկայությամբ։
Ինչպես Պալատի գործունեությունն՝ ընդհանրապես, այնպես էլ պետական բյուջեի կատարման վերաբերյալ վերջինիս եզրակացության ձևավորման գործընթացը՝ մասնավորապես, հստակ կանոնակարգված է գործող օրենսդրությամբ։
Ազգային ժողովի հունիսի 15-ի նիստում, Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց՝ ՀՀ օրենսդրության կարգավորումներին համապատասխան և հանրային հատվածում արտաքին հաշվեքննության միջազգային ստանդարտների հաշվի առնելով կազմակերպված հաշվեքննությունների արդյունքում ձևավորված, պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Պալատի եզրակացությունը։
Պալատի եզրակացությունը կազմված էր օրենսդրության պահանջներին համապատասխան և այն պարունակում է պետական բյուջեի կատարման վերաբերյալ Պալատի կարծիքը, որը հստակ կանոնակարգված է, թե ո՞ր դեպքում ինչպիսին կարող է լինել, ինչպես նաև ամփոփ տեղեկություններ՝ պետական մարմիններում իրականացված հաշվեքննություններով արձանագրված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների ու ըստ այդմ ձևավորված առաջարկությունների վերաբերյալ։
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատը եզրակացությունը կազմել է գործող օրենսդրության և միջազգային ստանդարտների համաձայն՝ 18 պետական մարմիններում իրականացված ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի 3, 6, 9 ամիսների և տարեկան կատարման նկատմամբ իրականացված 72 հաշվեքննությունների արդյունքում ձևավորված ընթացիկ եզրակացությունների հիման վրա՝ ապահովելով պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 91% ծածկույթ:
Միևնույն ժամանակ, կարևորելով հաշվեքննությունների արդյունքների տարընթերցումների կանխարգելման անհրաժեշտությունը, Պալատի նախագահը ընդգծել է, որ թյուր կլինի այն ընկալումը, թե ծածկույթի չափը ենթադրում է դրա շրջանակում գործարքների մակարդակում բացարձակապես բոլոր մանրամասների հիման վրա կարիծիքի ձևավորում։ Ճիշտ հակառակը՝ հաշվեքննությունները կատարվել են կիրառվող մեթոդաբանությունների և ուղեցույցերի համաձայն նշանակալի գնահատված և Պալատի ռեսուրսների սահմանափակումը հաշվի առնելով հնարավոր առավելագույն հաշիվների նկատմամբ։ Եվ հետևաբար, հաշվեքննությունը չի երաշխավորում, որ այն միշտ կհայտնաբերի էական խեղաթյուրումը, երբ դա առկա է։
Պալատի նախագահը ներկայացրել է նաև հաշվեքննություններով արձանագրված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև հաշվեքննվող օբյեկտներին ներկայացված առաջարկությունների մասին տվյալները՝ նշելով, որ չնայած խեղաթյուրումների առկայության հանգամանքին, դրանք էականության գնահատված շեմից ցածր են եղել, ուստի եզրակացությամբ ներկայացված կարծիքի վրա ազդեցություն չեն ունեցել։
Ըստ այդմ, Պալատը տվել է դրական եզրահանգումով կարծիք, ինչը նշանակում է, որ Հաշվեքննիչ պալատի կարծիքով, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշները, բոլոր էական առումներով, ճշմարիտ են ներկայացնում պետական բյուջեի կատարման ֆինանսական արդյունքները։